Բավ է պառակտվել
13-06-2019 16:02

Հայաստանում շուտով կքննարկվի “Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին” օրենքը

Հայաստանի արդարադատության նախարարությունը շուտով հասարակական քննարկման կներկայացնի “Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին” օրենքը, հինգշաբթի լրագրողներին ասել է արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը։

Ավելի վաղ, կառավարության հնգամյա պլանը ներկայացնելիս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է առանց դատարանի մեղադրական որոշման գույքի բռնագրավման մեխանիզմի կիրառման հնարավորությունը։ Ըստ նրա, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի տեսակետից դա համարվում է կոռուպցիայի դեմ պայքարի նորմալ պրակտիկա, այսինքն՝ չի համարվում մարդու իրավունքների սահմանափակում։

“Օրինագիծն արդեն ուղարկվել է միջազգային փորձաքննության, շուտով նրանք կվերադարձնեն այն լրամշակման՝ իրենց առաջարկներով և նկատողություններով”,- ասել է Վարդապետյանը։

Նա նշել է, որ օրինագիծը չի նախատեսում քրեական պատասխանատվություն, և կներկայացվի որպես հայցադիմում ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի նկատմամբ։

“Օրենքով մանրամասն կկարգավորվեն ձեռք բերված գույքի անօրինականությունը որոշելու ընթացակարգերը և ասպեկտները, որոնք մենք կներկայացնենք հասարակական քննարկումների ժամանակ, ինչպես նաև նախատեսված կլինեն ապացուցման բոլոր անհրաժեշտ մեխանիզմները”,-ասել է Վարդապետյանը։

Ինչպես նշել է վարչապետն, այս մեխանիզմն անցումային արդարադատության տարր է: Ըստ նրա, լինում են դեպքեր, երբ քաղաքացին պետք է բացատրի իր գույքի ծագման աղբյուրը, և այս դեպքում գործում է ոչ թե անմեղության, այլ մեղավորության կանխավարկածը: Եթե անձը չի կարող ապացուցել, որ ձեռք է բերել գույքն օրինական ճանապարհով, ապա այդ գույքի ձեռքբերումը համարվում է ապօրինի: