Բավ է պառակտվել
23-04-2022 11:30

Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը

Ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության (HDP) պատգամավոր Գարո Փալյանը Թուրքիայի Մեջլիսի քննարկմանն է ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը։

Այն ներկայացվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ։

Ինչպես հաղորդում է «Ազատություն»-ը՝ փաստաթուղթը նախատեսում է նաև սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել ցեղասպանության մեղավորների անունները, փոխարենը այդ վայրերն անվանակոչել ցեղասպանությանը ընդդիմացած քաղծառայողների անուններով, տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել:

«Հայ ժողովրդի Մեծ Եղեռնը դրա իրագործման վայրում՝ Թուրքիայի մեջլիսում պետք է քննարկվի, անվանակոչվի և արդարություն հաստատվի: Եթե դա տեղի ունենա, ապա այլևս կարևոր չի լինի, թե այլ երկրների ղեկավարներն ու խորհրդարանները ինչ կասեն այս հարցի վերաբերյալ: Հայ ժողովրդի վերքը միայն թուրքական հասարակությունը կարող է ամոքել: Հայոց ցեղասպանությունն այս հողերում է իրականացվել, և արդարությունն էլ միայն այստեղ՝ Թուրքիայում կարող է հաստատվել»,- ասված է օրինագծում:

Հայոց ցեղասպանության մասին

1915թ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան ավանդաբար հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ 1,5 մլն հայերի մասսայական ոչնչացման փաստը, և շատ ծանր է տանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի կողմից իրեն ուղղված մեղադրանքները:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ և մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ։ 1965 թվականին Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը Ուրուգվայն էր, որին հաջորդում են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի Պատգամավորների պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, Պորտուգալիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ 49 նահանգներ և Կոնգրեսի երկու պալատները, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: