Բավ է պառակտվել
31-10-2018 21:03

Համաներման մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվել է

Այսօր Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է համաներման մասին օրինագիծը։ Ինչպես և նախատեսվում էր, կողմ է քվեարկել դահլիճում ներկա պատգամավորների 72 տոկոսը։

Երկրորդ ընթերցումը կկայանա վաղը, ժամը 11։00-ին։ Այն այդքան երկար չի տևի․ սպասվում է, որ համաներման մասին օրինագիծը նորից կքննարկվի և երկրորդ ընթերցմամբ քվերակության կդրվի մինչև 12։00-ին վարչապետի ընտրության հարցին նվիրված հատուկ նիստի սկիզբը։

Համաձայն այս համաներման՝ ավելի քան 6500 քաղաքացի կամ կազատվի պատժից կամ կկրճատվի նրանց պատժի ժամկետը, կամ էլ կդադարեցվի քրեական հետապնդումը նրանց նկատմամբ։ Այս թվերը նախնական են։

Ըստ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի, հաշվի առնելով պատգամավորների առաջարկները, իրենք, ըստ էության, ավելացրել են քրեական հոդվածների թիվը, որոնց վրա տարածվում է համաներումը, և այն կարող է տարածվել ավելի քան 7 հազար քաղաքացու վրա։

Զեյնալյանը հավաստիացրել է, որ համաներման այս օրինագիծը բացարձակ ՔԿՀ-ները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում։ Ըստ նրա, այսօր Հայաստանի բանտերում դրանց հնարավորություններից կիսով չափ ավելի քիչ բանտարկյալ է պահվում։ Բանտարկյալների ընդհանուր թիվը 2800 է, ազատ է արձակվելու 650-ը։ Նրանց թվում են, մասնավորապես, մինչև 3 տարի ժամկետով դատապարտվածները, կամ անզգուշությամբ հանցագործություն կատարելու դեպքում մինչև 6 տարի ժամկետով դատապարտվածները, ինչպես նաև 5-ից 10 տարի ժամկետով դատապարտված և այդ ժամկետի 1/3-ի չափով պատիժը կրած անձինք։

Գրեթե 4000 անձի նկատմամբ կդադարեցվի քրեական հետապնդումը։ Զեյնալյանի խոսքերով, ներկա պահին իրավապահ համակարգում հարուցված է 6100 քրեական գործ, որոնցին մոտ 70%-ի վրա տարածվում է համաներումը։

“Ես ներկայացրեցի վիճակագրական տվյալներ նախկին համաներումների վերաբերյալ, թե որքան անձ է կրկնահանցագործություն կատարել համաներման ակտից հետո: Եվ այդ ցուցանիշները շատ մեծ չեն: Այո, մենք այս ամենը նկատի ունեցել ենք և այս չափով ենք կարողանում իրականացնել համաներում՝ հաշվի առնելով մեր ռեսուսրները՝ ոստիկանության, ԱԱԾ ռեսուրսները”,- ասել է Զեյնալյանը:

Նշենք, որ Հայաստանի նախկին դատախազ պատգամավոր Գևորգ Կոստանյանն այսօր ասել է, որ ներկայիս համաներումը նախորդների համեմատ շատ ավելի լավն է, կոչ անելով բոլոր պատգամավորներին կողմ քվեարկել օրինագծին։ Միաժամանակ, նա նշել է, որ ցանկացած համաներման արդյունքում երկրում գրանցվում է հանցագործության աճ,՝ կոչ անելով արդարադատության նախարարին և կառավարությանը կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։

Ինչպես ավելի վաղ գրել է Gisher.News-ը, “Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ համաներում հայտարարելու մասին” օրինագիծն առաջարկել է կառավարությունը։