Բավ է պառակտվել
13-03-2020 15:15

Օդային սահման փակելը խնդիրը ավելի կլրջացնի․Տաթևիկ Ռևազյան


Իտալիայից կիրակի օրը Հայաստան ժամանող քաղաքացիների չվերթի առնչությամբ կազմակերպչական փուլում ենք, աշխատում ենք Առողջապահության և Արտաքին գործերի նախարարությունների հետ, որ հասկանանք եկողների վերջնական քանակը: Այս մասին Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի՝ Կառավարությունում կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քաղացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
«Շատ սերտորեն աշխատում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության, առողջապահության նախարարության հետ, որ հասկանանք վերջնական քանակը, հասկանանք՝ ոնց են իրենք խմբավորված, ով ում հետ է ճանապարհորդում ու ոնց կազմակերպենք չվերթն այնպես, որ նվազեցնենք հավանականությունը, որ իրար վարակեն», - ասաց Ռևազյանը։
Վերջինիս խոսքով եկողների մեջ կան զբոսաշրջիկներ, ուսանողներ, Իտալիայում բնակվող հայեր, բայց ավելի հստակ թիվ կհայտնի Իտալիայում Հայաստանի դեսպանատունը:
Հարցին՝ կա՞ն երկրներ, որի հետ կփակվի օդային սահմանները, նա ասաց, թե օդային սահմանը փակելը երևում է մի քայլ, որը բոլոր խնդիրները կլուծի։
«Օդային սահմանը փակելը երևում է քայլ, որը բոլոր մեր խնդիրները կլուծի, բայց պարզ ասեմ, որ դա կարող է խնդիրը լրջացնել, որովհետև այն ուղևորները, որ եկել են ու վարակված են եղել, եթե տրանզիտային չվերթով գային, շատ ավելի բարդ կլիներ իրավիճակը: Մենք ունենք ուղիղ չվերթ, կարող ենք կոնկրետ միջոցառումներ կազմակերպել օդանավակայանում, որ եկողները մնացած ուղևորներից տարանջատված լինեն: Տրանզիտով գալու դեպքում դա շատ ավելի բարդ էր լինելու: Նրանք այնուհետև կմեկուսացվեն, թե ոչ, Առողջապահության նախարարության որոշելիքն է»,-ասաց Ռևազյանը՝ նշելով նաև, որ հարկ եղած դեպքում կորոշեն՝ Իտալիայից նոր չվերթ իրականացնել, թե ոչ:
Հարցին՝ նախատեսու՞մ են այլ չվերթեր ևս կազմակերպել և այլ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին բերել Հայաստան, Ռևազյանը պատասխանեց, թե դեռ վաղ է այդ մասին ասել:
Դիտարկմանը թե չվերթերի չեղարկմամբ քաղավիացիան ի՞նչ վնասներ կրեց, Քաղացիական ավիացիայի կոմիտեի նախագահը նշեց, թե վերջնական վնասների մասին դեռ վաղ է խոսել, բայց իրավիճակը շատ լուրջ է:
Ինչ վերաբերում է ավիաընկերությունների կողմից չվերթների չեղարկմանը՝ Ռևազյանի խոսքերով` դրանց հիմնական պատճառը ուղևորների՝ ուղևորություններից հրաժարվելն է, և չվերթներ իրականացնելը ավիաընկերությունների համար ձեռնտու չէ:
«Նման բան երբևէ չի եղել ամբողջ աշխարհում: Հոսքի այսպիսի նվազում երբևէ չի եղել: Երբ նայում եմ քաղավիացիայի տարբեր մասնագետների հայտարարությունները, այս իրավիճակը համեմատում են Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ: Տնտեսությունը շատ է կախված փոխադրումներից: Այլ պետություններ շատ ավելի մեծ վնաս են կրում, քան մենք: Այսօրվա դրությամբ RyanAir-ն է չեղարկել չվերթերը, և ոչ միայն Հայաստանի հետ»,-ասաց նա:

 

Արմինե Գևորգյան