Բավ է պառակտվել
29-11-2019 17:08

Վճարել 10 մլն դրամ ու ազատվել զինծառայությունից՝ նախագիծ Իմ քայլից

Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենք ընդունել՝ համաձայն որի քաղաքացին ՀՀ պետական բյուջե պետք է վճարի 10 մլն դրամ և բանակում ծառայի 1 ամիս: Նախագծով առաջարկվում է ծառայությունը ևս 23 ամիս շարունակել ցանկացող քաղաքացուն գումարը հետ ստանալու հնարավորություն տալ:
Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է դադարացնել կամ նվազագույնի հասցնել Հայաստանից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով արտագաղթող քաղաքացիների թիվը:
Սարգսանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ 2005 թ-ից գործում է օրենք, որի համաձայն 27 տարին լրացած անձինք կարող են վերադառնալ ՀՀ և ծառայությունից խուսափելու համար չենթարկվել քրեական պատասխանատվության՝ վճարելով 3.6 մլն դրամ:
«Ես առաջարկում եմ մեր քաղաքացիներին վերադառնալ հայրենիք ավելի վաղ, քան կլրանա նրանց 27 տարեկանը, և վճարել 10 մլն դրամ ու ծառայել արագացված ընթացակարգով», - ասաց Սարգսյանը:
Դիտարկմանը, չի՞ բացառում, որ օրենքից կօտվեն հանրապետության ներսում ֆինանսապես ապահով ապրող մարդիկ ու իրենց երեխաներին կազատեն պարտադիր զինվորական ծառայությունից՝ Սարգսյանն ասաց.
«Ձեր նշած «ունևորները», ովքեր ունեն 10 մլն դրամ, շատերն այս պահին գտնվում են արտերկում և պատրաստ են վերադառնալ: Ես պատրաստ եմ նրանց տալ այս հնարավորությունը, այլապես նրանք այս քայլին չեն դիմում»:
Իսկ օրենքի նախագծում ասվում է նաև, որ «Հայաստան տեղափոխվող երիտասարդներից շատերը կվերադառնան իրենց ընտանիքի անդամների հետ միասին, իրենց հետ կբերեն գումարն, կգնեն տներ, կաշխատեն և նոր աշխատատեղեր կստեղծեն հայրենիքում:
Ըստ նախագծի արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեն ՀՀ և օտարերկրյա պետության տարածքում բնակվող պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձինք: Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձն անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում կներկայացնի իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ:
Օտարերկրյա պետությունում բնակվող արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձը, ըստ նախագծի, կարող է դիմում ներկայացնել այդ երկրում ՀՀ դիվանագիտական ծառայություն, հյուպատոսական հիմնարկ: Դիմումը սահմանված կարգով գրանցվելուց հետո այն կփոխանցվի պաշտպանության նախարարությանը:
Անձը հրամանը ստանալու պահից տասնօրյա ժամկետում պարտավոր կլինի օրենքով սահմանված վճարը մուծել պաշտպանության նախարարության կողմից սահմանված բանկային հաշվին, մեկամսյա ժամկետում անցնել արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն, տալ զինվորական երդում և օրենքով սահմանված կարգով ներկայանալ զորահավաքներին:

 

Արմինե Գևորգյան