Բավ է պառակտվել
10-03-2020 17:04

Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է նախկին նախագահին հիվանդանոց տեղափոխելու պատճառով

Դատավոր Աննա Դանիբեկյանը երեքշաբթի որոշում է կայացրել հետաձգել “Մարտի 1-ի” գործով դատական նիստը հանրապետության երկրորդ նախագահ Ռոպերտ Քոչարյանի բացակայության պատճառով։

Բացակայության պատճառը պետության նախկին ղեկավարի հոսպիտալացումն է, ում մարտի 8-ի երեկոյան տեղափոխել են մայրաքաղաքի “Նաիրի” բժշկական կենտրոն, այնուհետև՝ “Էրեբունի” հիվանդանոց։ Քոչարյանի մոտ ախտորոշվել է սուր վեստիբուլոպատիա, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, հաճախակի փորոքային էքստրասիստելաներով բարձր կարդիովասկուլյար ռիսկ, ինչի պատճառով պացիենտի տեղափոխումը ներկա պահին նպատակահարմար չէ բժշկական նկատառումներով։
“Հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել՝ այսօրվա դատական նիստը հետաձգվում է”,- հայտարարել է Դանիբեկյանը։
Հաջորդ նիստը նշանակվել է մարտի 17-ին։
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Մարտի 1-ի գործով մյուս ներգրավյալներ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մեջ (2008թ․մարտի 1-2 անկարգությունների գործով)։ Քոչարյանը մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ (այլ քրեական գործով)։
2008 թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին մասնակցած և պարտություն կրած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հայկական ընդդիմությունը փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ է անցկացրել` դժգոհելով քվեարկության արդյունքներից: 2008թ. մարտի 1-2-ի բողոքի ցույցերը հանգեցրել են ցուցարարների և իրավապահ մարմինների միջև անկարգությունների և բախումների, որոնց հետևանքով զոհվել է տաս և վիրավորվել ավելի քան 200 մարդ: