Բավ է պառակտվել
23-01-2023 11:52

Ավարտվել է Ազատ գյուղում հրդեհի զոհ դարձած 15 զինծառայողի դիերի նույնականացման գործընթացը, հարցաքննվել է 20 մարդ

Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է հունվարի 19-ին Ազատ գյուղի զորամասերից մեկի կացարանում բռնկված հրդեհի զոհ դարձած 15 զինծառայողի դիերի նույնականացման գործընթացը։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը, որ սկսվել է զոհվածների մարմինները ծնողներին փոխանցելու գործընթացը։

Նրա խոսքով՝ այս պահին կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան, հարցաքննվել է մոտ 20 մարդ, առգրավվել են փաստաթղթեր։ Միջադեպի հանգամանքները պարզվում են, այդ թվում՝ զորամասում հրդեհային անվտանգության համար պատասխանատուների պարտավորությունների մասով։

Ողբերգության օրվանից սոցիալական ցանցերում շրջանառվում է զոհվածների անունների ցուցակը, սակայն այն պաշտոնապես չի հրապարակվել։

Հրդեհ զորամասում

Հունվարի 19-ի գիշերը հրդեհ է բռնկվել ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ազատ գյուղի տարածքում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։ Զոհվել է 15 զինծառայող, վեցը՝ փրկվել։ Նրանցից երեքը հոսպիտալացվել են տարբեր ծանրության այրվածքներով:

Ողբերգությունից մի քանի ժամ անց աշխատանքից ազատվել են Հայաստանի զինված ուժերի 8 բարձրաստիճան սպա, այդ թվում՝ Երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը։ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։ Հայաստանի Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի պատճառը եղել է վառարանը վառելու համար բենզինի օգտագործումը։