Բավ է պառակտվել
06-07-2022 20:40

Ավետիք Չալաբյանի գործով նախաքննությունն ավարտվել է. նա մեղադրվում է հանրահավաքին մասնակցելու համար ուսանողներին կաշառք տալու մեջ

ՀՀայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է ընդդիմության հավաքներին ուսանողների մասնակցության դիմաց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավված «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Քննությամբ պարզվել է, որ Չալաբյանը Ազգային ագրարային համալսարանի դասախոսներից մեկի և այլ անձի հետ նախնական համաձայնությամբ մայիսի 4-ին հանդիպել է նույն բուհի ուսխորհրդի նախագահի հետ։

Հանդիպման ընթացքում, ըստ հետաքննության, Չալաբյանն առաջարկել է 2000000 դրամ տրամադրել շուրջ 2000 ուսանողների՝ ընդդիմության ակցիաներին մասնակցելու համար (այսինքն՝ 1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար)։

Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ազգային ագրարային համալսարանի դասախոսին և Ավետիք Չալաբյանին։

Նախաքննությունն ավարտել է և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Չալաբյանը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նրա պաշտպանները գործը համարում են շինծու, իսկ հետապնդումը՝ քաղաքական։

Չալաբյանի գործը

ՀՀ ՔԿ 163-րդ հոդվածով (Հավաքներ անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը) քրեկան գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել լրատվական կայքերից մեկում հրապարակված «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար» վերտառությամբ: մի ձայնագրություն։

Չալաբյանի կալանավորումը բուռն արձագանք առաջացրեց հասարակական-քաղաքական գործիչների, հայկական բիզնեսի ներկայացուցիչների և այլոց շրջանում։ Կարծիք կա, որ Չալաբյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի՝ հաշվի առնելով նրա ակտիվ աջակցությունը «5165» ընդդիմադիր շարժման գործունեությանը։

«ԱՐԱՐ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր ֆեյսբուքյան հայտարարությունում համոզմունք է հայտնել, որ Չալաբյանի կալանավորումը նրա ոչ իշխանահաճո քաղաքացիական դիրքորոշման պատասխան արձագանքն է։ Խորհուրդը հորդորել է Հայաստանի գործող իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին և ՀՀ օրենսդրության շրջանակներում ձեռնարկել միջոցներ՝ պարզելու սույն մեղադրանքի իրական հանգամանքները:

Մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն՝ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին կալանքից ազատելու կոչով։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: