Բավ է պառակտվել
03-05-2021 11:58

Զանգեզուրի մասին Ալիևի հայտարարությունները խաթարում են խաղաղության ու անվտանգության հեռանկարները․ ՄԻՊ

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որ վերաբերում են Հայաստանի ինքնիշխան Հանրապետությանը և պատմական փաստերի բացահայտ աղավաղում են, խաթարում են խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում, հայտարարել է Հայաստանի Օմբուդսմեն Արման Թաթոյանը։

«Ադրբեջանի նախագահը 2021թ. ապրիլի 27-ին հայտարարել է, որ «աշխարհագրական առումով Զանգելանը Արևելյան Զանգեզուրի մաս է կազմում և գտնվում է Արևելյան Զանգեզուրում։ Արևմտյան Զանգեզուրը [նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզը] ևս մեր պատմական հողն է և այդ տարածքով անցնելու է Զանգեզուրի միջանցքը»,- գրել է Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարտադիր է համարում Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունները դիտարկել հայատյացության ադրբեջանական շարունակվող քաղաքականության, կյանքի ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու այլ իրավունքների կոպիտ խախտումների, այն վայրագությունների լույսի ներքո, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ու դրանից հետո:

«Ակնհայտ է, որ այս հայտարարությունները լարվածություն են առաջացնում հայաստանյան հասարակությունում, խաթարում են խաղաղ բնակչության բնականոն կյանքն ու հոգեկան անդորրը, նպատակ ունեն ահաբեկել մարդկանց, հատկապես` սահմանային բնակավայրերում:
Այս արձանագրումները բխում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված քաղաքացիների ահազանգերից ու դիմումներից»։

Թաթոյանն ընդգծել է, որ Ալիևի նման հայտարարությունները պետք է արժանանան անհրաժեշտ արձագանքի, որպեսզի կանխվեն, և առաջ չգան մարդու իրավունքների համար ավելի ծանր հետևանքներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «նոր տրանսպորտային միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով (Հայաստանի Սյունիքի մարզ), Ադրբեջանի հիմնական մասը կապելով Նախիջևանի և Թուրքիայի հետ»: Նա նաև «Ադրբեջանի պատմական տարածքներ» էր անվանել Զանգեզուրն ու Երևանը և խոստացել «վերադառնալ այնտեղ»։