Բավ է պառակտվել
15-11-2019 16:19

Այն բիրտ ճնշումները, որ կան դատական համակարգի վրա, միջնադար է հիշեցնում։Աղվան Վարդանյան


Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը դժվարանում է ասել՝ արդյոք «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբը կդառնա քաղաքական ուժ։ Սակայն նշում է, որ այսօր այն պահն է հասունացել, որ պետք է ավելի, հանրային և բաց քննարկել այն հարցերը, որոնք ակումբի անդամները նպատակահարմար են գտնում:
«Ժամանակը, ընթացքը, քննարկումները ցույց կտան, թե որ ուղղությամբ կգնանք, բայց որ նման ակումբներն ունեն հեռանկարներ, վաղվա տեսլական, թե ինչպիսի Հայաստան ենք պատկերացնում, ակնհայտ է», - ասաց նա։
Աղվան Վարդանյանի խոսքով՝ այսօր իշխանությունից դուրս կա հինգ-վեց ուժային տարբեր կենտրոն, քաղաքական ու հասարակական տարբեր խմբավորում, որոնց մտահոգությունները նույնն են։
Վերջինս տեղեկացրեց, որ օրակարգային երեք հարց կա՝ անվտանգության խնդիրները արցախյան բանակցությունների ներկա վիճակում, մեր հասարակության մեջ տիրող մթնոլորտը և դատական համակարգի, դատական իշխանության այսօրվա վիճակը: «Քննարկվելու է այն, թե ինչպես պետք է այնպես անել, որպեսզի թույլ չտանք դատական համակարգը ևս դառնա այս իշխանությունների կցորդը»,-ասաց նա:

Աղվան Վարդանյանն ընդգծեց՝ Ղարաբաղի հարցում որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե աննախադեպ է, իրականում տեսանելի են շատ տարբեր, հակասական հայտարարություններ։
«Արդեն արձանագրել ենք զիջումներ, փաստորեն, բանակցությունները մտել են փակուղի», - ասաց նա։
Վերջինս նշեց, որ խնդիր է դառնում նաև այն, որ մեկ տարի առաջվա հայտարարություններն ու ներկայիս հայտարարությունները հակասում են իրար: Ըստ նրա՝ այս խնդիրը, կարող է մեծացնել պատերազմի վտանգը:
Վարդանյանը խոսեց նաև դատական համակարգում տեղի ունեցող իրադարձություններին։ Ասաց, թե այն բիրտ ճնշումները, որ կան դատական համակարգի վրա, միջնադար է հիշեցնում։
«Իմ կարծիքով՝ Հայաստանն այսօր իրավական պետություն չէ, ինչ կատարվում է դատարանների հանդեպ, Սահմանադրական դատարանի հանդեպ, ակնհայտ է, որ այստեղ իրավական պետություն գոյություն չունի», - ասաց նախկին պատգամավորը։

 

Արմինե Գևորգյան