Բավ է պառակտվել
30-09-2021 10:50

Գյումրիի 48-ամյա բնակիչը ստրկության մեջ է պահել և դաժան ծեծի ենթարկել համաքաղաքացուն

Հայաստանի քննչական կոմիտեի քննությամբ պարզվել են Գյումրիի 48-ամյա բնակչի կողմից համաքաղաքացուն թրաֆիքինգի ենթարկելու և դիտավորությամբ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:

Ըստ ՔԿ մամլո ծառայության՝ պարզվել է, որ 48-ամյա տղամարդը, տեղեկանալով համաքաղաքացու աշխատանք չունենալու պատճառով նրա մոտ առաջացած ֆինանսական դժվարությունների մասին, 2018թ. սեպտեմբերին առաջարկել է նրան Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղում զբաղվել անասնապահությամբ՝ խոստանալով վարձահատույց լինել անասունների ծնած հորթերով:

“Համաքաղաքացու մոտ ստեղծելով վախի զգացողություն, 48-ամյա տղամարդը սահմանափակել է նրա ազատ տեղաշարժը, նրան պահել է իր տանը՝ մարդու կենցաղային մինիմալ պայմանների բացակայությամբ: Մինչև 2020թ. մարտի 28-ը, գտնվելով ստրկության վիճակին հավասարեցված պայմաններում, տղամարդը զբաղվել է անասունների խնամքով, կատարել նվաստացուցիչ աշխատանք, որի դիմաց որևէ կերպ չի վարձատրվել:
Բացի այդ, 2020թ. մարտի 24-ին, տղամարդն իր տան մոտ ծեծի է ենթարկել համաքաղաքացուն՝ ձեռքերով ու ոտքերով, ինչպես նաև բահի երկաթյա մասով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս”,- նշվում է հաղորդագրությունում։

48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: