Բավ է պառակտվել
03-02-2022 18:28

Հայաստանի բնակիչները Թուրքիային և Ադրբեջանին համարում են հիմնական սպառնալիք, իսկ Ռուսաստանին՝ հիմնական տնտեսական գործընկեր․ IRI հարցում

Հայաստանում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական հարցման նոր տվյալները ցույց տվեցին, որ չնայած վարչապետի հայտարարած “խաղաղության դարաշրջանի”՝ երկրի բնակչության մեծամասնությունը շարունակում է Թուրքիան և Ադրբեջանը համարել Հայաստանի համար հիմնական սպառնալիք ներկայացնող երկրներ։

Կազմակերպության կայքում հրապարակված հարցումը ցույց է տալիս, որ Թուրքիան որպես քաղաքական սպառնալիք ներկայացնող երկիր է համարում հարցվածների 90 տոկոսն, իսկ Ադրբեջանը՝ 75 տոկոսը։ Միևնույն ժամանակ հարցվածների 15 տոկոսը որպես սպառնալիք ներկայացնող երկիր նշել է Ռուսաստանը։

88 տոկոսի կարծիքով Թուրքիային համարում է նաև անվտանգային սպառնալիք, իսկ Ադրբեջանին չի վստահում հարցվածների 81 տոկոսը։ Հիմնական քաղաքական գործընկերներ են համարվում Ռուսաստանը և Ֆրանսիան (57 և 50 % համապատասխանաբար)։

Միաժամանակ, քաղաքացիների 68 տոկոսը վստահ է, որ Թուրքիան նեև տնտեսական սպառնալիք է հանդիսանում Հայաստանի համար։ Երկրորդ և երրորդ տեղերում են կրկին Ադրբեջանը և Ռուսաստանը (52 և 17 % համապատասխանաբար)։

Ինչ վերաբերում է երկրի զարգացմանը՝ հարցվածների 53 տոկոսը կարծում է, որ դրա համար հարկավոր է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, 35 տոկոսը՝ ԱՄՆ, 29 տոկոսն՝ Իրանի և 25 տոկոսը՝ Ֆրանսիայի հետ։ Հարցվածների միայն 5 տոկոսն է կարծում, որ հարկավոր է զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։

Հարցումն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, և արդյունքները հետևյալն են․ 29%-ը կարծում է, որ Թուրքիայի հետ պետք է հաստատվեն առանց նախապայմանների հարաբերությունները, 47%-ը գտնում է, որ Թուրքիայի հետ պետք է սկսել երկխոսությունը, սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է մնա մեր օրակարգում, իսկ 48%-ը կարծում է, որ Հայաստանը պետք է առաջադրի իր նախապայմաններն, օրինակ՝ Թուրքիան չպետք է միջամտի Լեռնային Ղարաբաղի գործերին։

Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա (համապատասխանաբար 59% և 53%)։ Միաժամանակ հիմնական տնտեսական գործընկերներ են համարվում Ռուսաստանը (61%), Իրանը (40%) և Չինաստանը (29%)։