Բավ է պառակտվել
20-04-2021 16:59

Շուռնուխի բնակիչները, որի կեսն անցել է Ադրբեջանին, ներկայացրել են նախագահին իրենց խնդիրները

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ երեքշաբթի այցելել է Շուռնուխ և Որոտան գյուղերը, հանդիպել համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ, տեղեկացնում է նապագահի մամլո ծառայությունը։

Նախագահին են ներկայացվել առկա խնդիրները, հատկապես ընդգծվել են անվտանգության, պատշաճ կարգով սահմանազատման հետ կապված հարցերը։ Արցախյան պատերազմից հետո Շուռնուխ գյուղից բնակելի 11 տուն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Բնակիչները տեղեկացրել են, որ գյուղում սկսվել է նոր թաղամասի կառուցումը, որի տեղանքը, սակայն, նրանք այնքան էլ բարենպաստ չեն համարում:

Շուռնուխցիները կենսական խնդիր են համարել իրենց միակ եկամտի աղբյուր հանդիսացող անասնապահության հնարավորությունից զրկվելը։ Պատերազմից հետո գյուղը զրկվել է արոտավայրերից, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են: Բացի այդ, անասուններն անցնում են այդ տարածքներ, և չեն վերադարձվում, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացնում։

Բնակիչները ներկայացրել են նաև մի շարք սոցիալական խնդիրներ՝ մասնավորապես կապված ջրամատակարարման, գազամատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի մարման հետ:

Պատասխանելով սյունեցիների բարձրացրած հարցերին և ընդգծելով հատկապես անվտանգության, զբաղվածության և սոցիալական խնդիրների կարևորությունը՝ Սարգսյանը Շուռնուխ և Որոտան բնակավայրերի ղեկավարներին առաջարկել է դրանք մանրամասն քննարկել նախագահի աշխատակազմի հետ՝ նախագահական ինստիտուտի լիազորությունների շրջանակում հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։

Սպառնալիքները Շուռնուխում
GPS-ի միջոցով իրականացված սահմանների գծանշման արդյունքում Սյունիքի Շուռնուխ գյուղից 11 տուն հայտնվեց Ադրբեջանի տարածքում (մեկ այլ տան տերերը հրաժարվեցին ապրել թշնամու զորքերի հարևանությամբ և հեռացան այնտեղից): Դեռևս անցյալ տարի այս տարածքում տեղադրվեց նաև Ադրբեջանի ԶՈւ պահակակետ:
Մի շարք միջադեպերի ֆոնին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելու հրատապ անհրաժեշտության մասին:
Այսպես, մոտ 10 օր առաջ լրատվամիջոցներում լայն արձագանք ստացավ տեղեկությունը, որ գիշերը Կապան-Երևան միջպետական մայրուղու Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղի տարածքում ադրբեջանցի զինվորները քարեր են նետել հայկական պետհամարանիշներով քաղաքացիական մեքենայի վրա: Գրանցվել է նաև ադրբեջանցիների կողմից Շուռնուխի բնակչից խոշոր եղջրավոր անասունների գողության դեպք: