Բավ է պառակտվել
24-08-2021 12:17

Լրագրողները խորհրդարանում բողոքի ակցիա են իրականացրել իրենց աշխատանքի սահմանափակումների դեմ (տեսանյութ)

Լրագրողների բողոքի ակցիա իրականացրեցին Հայաստանի խորհրդարանում ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք մտադիր են բարձրացնել Ազգային ժողովում իրենց մասնագիտական գործունեության սահմանափակման հարցը։

Երեքշաբթի լրատվամիջոցների ներկայացուցիչները պաստառներ բարձրացրեցին խորհրդարանի նիստերի դահլիճում մամուլին հատկացված օթյակում։ ԱԺ պահպանության աշխատակիցները հորդորեցին դադարեցնել ակցիան, սակայն լրագրողները ընդդիմացան, նշելով, որ իրենց ակցիան վտանգավոր չէ, քաղաքականացված չէ և իրականացվում է լրագրողների իրավունքները պաշտպանելու նպատակով։

«Մենք պահանջում ենք հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի նա գա և պատասխանի մեր հարցին․ ինչու՞ են մեզ վռնդում խարհրդարանից։ Սա մեր աշխատավայրն է, և դուք չեք կարող մեզ դուրս հանել այստեղից»,- ասաց ակցիա մասնակիցներից մեկը։

Լրագրողները նշեցին, որ արդեն հանդիպել եմ խորհդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ, սակայն՝ անարդյունք։

«Բոլոր սլաքները տանում են դեպի մեկ անձ։ Մենք հասկանում ենք, որ մեր նկատմամբ այս սահմանափակումները մտցվել են Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կամ կոչով: Եվ հիմա մենք փորձում ենք նրա ուշադրությունը գրավել», - ասաց լրագրողներից մեկը:

Լրագրողներին մոտեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը և ասաց, որ առաջիկայում մտադիր է լսումներ կազմակերպել լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների և խորհրդարանի ղեկավարության հետ հարցը լուծելու համար։

«Ես հրավիրում եմ ձեզ ակտիվորեն մասնակցել այս լսումներին, հանդես գալ առաջարկություններով, որպեսզի հնարավորություն լինի ինչ-որ կերպ շտկել իրավիճակը», - կոչ արեց նա լրագրողներին:

Պատգամավորն ընդգծեց, որ իրավիճակը պետք է փոխվի՝ հաշվի առնելով անվտանգության նորմերը, բայց ոչ լրագրողների իրավունքների հաշվին. Պետք է փոխզիջումային լուծում գտնվի:

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանը հաստատել էր «Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» որոշման հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումը, համաձայն որի Ազգային ժողովում լրագրողների գործունեությունը կսահմանափակվի:

Փոփոխությունների արդյունքում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Ազգային ժողովում առանձնացված հատուկ տեղերում` նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում: Լրագրողները կարող են մասնագիտական գործունեությամբ զբաղվել Ազգային ժողովի պատգամավորների գրասենյակներում միայն խորհրդարանականների համաձայնությամբ:

Օգոստոսի 2 -ին ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկն ուղեկցվեց խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի խիստ սահմանափակումներով: Լրագրողներին և օպերատորներին թույլ չեն տվել մտնել նոր շենք, որտեղ անցկացվում են հանձնաժողովների նիստերը, նրանք չեն կարողացել մուտք գործել այն հատված, որտեղ գտնվում են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների գրասենյակները, ինչպես նաև օգտվել ճեմասրահից, որտեղ սովորաբար կազմակերպվում էին հարցազրույցներ պատգամավորների հետ:

Օգոստոսի 6-ին արգելվեց «Պանորամա»-ի ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանի մուտքը խորհրդարան, ինչը լայն արձագանք առաջացրեց հայաստանյան լրատվական հանրության շրջանում: Որպես պատճառ նշվեցին Գալստյանի կողմից արված լուսանկարները, որոնք ցույց են տալիս, որ խորհրդարանի պահպանության աշխատակիցների թիվը զգալիորեն ավելացվել է, մուտքը դեպի նիստերի դահլիճ և անգամ խորհրդարանի այգի իրականացվում է անվտանգության ուժերի ուժեղացված հսկողության ներքո։ Ավելի ուշ արգելքը հանվեց: