Բավ է պառակտվել
26-11-2016 14:58

Ձմռանը Հայաստանում սպասվում են ուժեղ կլիմայական տատանումներ

Ձմռանը Հայաստանում սպասվում են ուժեղ կլիմայական տատանումներ, շաբաթ օրը լրագրողներին ասաց Հայաստանի ԱԻՆ օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Ձմռան երեք ամիսների ընթացքում հանրապետության տարածքը շատ հաճախ ենթարկվելու է սկանդինավյան արկտիկական օդային զանգվածների ազդեցությանը, ինչը հանգեցնելու է օդի ջերմաստիճանի լուրջ նվազման, ձյան տեսքով առատ տեղումներին, կգրանցվի նաև բուք։ Մերձավոր Արևելքից Հայաստան կներթափանցեն նաև արևադարձային օդային զանգվածներ, որոնք կհանգեցնեն ջերմաստիճանի զգալի բարձրացման», – ասաց Սուրենյանը։

Նրա խոսքով, ձմռանը կգրանցվեն ուժեղ ցրտահարություններ և ձյան տեսքով առատ տեղումներ, սակայն կլինեն նաև շատ ջերմ և տաք օրեր։

«Մեզ մոտ կլինեն օրեր, երբ օդի ջերմաստիճանը կլինի 7–10 աստիճանով նորմայից ցածր կամ բարձր։ Առանձին օրերին Արարատյան դաշտավայրում չի բացառվում սառը օդի և մառախուղի կուտակում», – ընդգծեց Սուրենյանը։

Նա ավելացրեց, որ ձմռան երեք ամիսների ընթացքում սպասվում են նորմայից բարձր տեղումներ։

«Այդուհանդերձ, տաք օդային զանգվածների ներթափանցման արդյունքում ձմռանը հանրապետոսվության որոշ մարզերում, Երևանում և Արարատում սպասվում են նաև անձրևներ», – նշեց Սուրենյանը։

Նա ընդգծեց, որ արկտիկական սառը զանգվածների ներթափանցման օրերին Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց Ձորի և Կոտայքի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի` հասնելով -25...-30 աստիճանի, իսկ արևադարձային օդային զանգվածների արդյունքում օդի ջերմաստիճանն այդ շրջաններում կանխատեսվում է +5...+9 աստիճանի սահմանում։

«Տավուշի, Սյունիքի և Արցախի ցածրադիր շրջաններում արկտիկական սառը զանգվածների ներթափանցման օրերին օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի` հասնելով -10...-15 աստիճանի, իսկ արևադարձային օդային զանգվածների ազդեցության ներքո ցերեկային ժամերին այդ շրջաններում կանխատեսվում է +12...+17 աստիճան։ Տավուշի, Սյունիքի և Արցախի լեռնային շրջաններում ջերմաստիճանային տատանումները կկազմեն -17...-20 աստիճանից մինչև +10...+13 աստիճան», – նշեց Սուրենյանը։

Նա ավելացրեց, որ Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում ձմռանը օդի ջերմաստիճանը կարող է նվազել մինչև -18...-23 աստիճանի և բարձրանալ` կազմելով +10...+15 աստիճան։

«Մայրաքաղաքում արկտիկական օդային զանգվածների ներթափանցման օրերին օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի` հասնելով -19...-24 աստիճանի, իսկ արևադարձային օդային զանգվածների ներթափանցման արդյունքում ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա` կազմելով +12...+15 աստիճան», – նշեց Հայպետհիդրոմետի ներկայացուցիչը: