Բավ է պառակտվել
19-09-2019 14:08

Զոհված զինծառայողների մայրերը սպառնում են հացադուլ և նստադուլ անել,եթե վարչապետը չընդունի իրենց

Այսօր տեղի էր ունենում կառավարություն նիստ, բայց կառավարություն շենքի դիմաց բավականին լարված իրավիճակ էր։ Նիստին զուգահեռ բողոքի ակցիա էին իրականացում զոհված ազատամարտիկների այրիները և զոհված զինվորների մայրերը: Նրանք հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Խնդիրն այն է, որ զոհված զինծառայողների մայրերը բողոքում են կառավարությւն այն որոշման դեմ, ըստ որի Մարտի 1 –ի զոհերի ընտանիքներին, տուժածներին գումար են հատկացրել։
«Ես խնդրում եմ մեր զոհվածների մայրերին չկապել ո՛չ սերժականների, ո՛չ նիկոլականների հետ: Մենք մեր արդար պատասխանն ենք ուզում: Եթե Մարտի 1-ին անկարգություններ անողներին, թալանողներին, հրահրողներին կարելի է հատկացնել 30 մլն, նույնը կարելի է անել զոհվածների ընտանիքների համար: Որովհետև Մարտի 1-ը իրենց սարքածն է, դրա համար էլ ուզում են ծածկեն»,- ասաց մայրերից մեկը:
Մայրերը նշեցին, որ իրենց պահանջները գրավոր տեսքով սեպտեմբերի 11-ին ներկայացրել են կառավարություն, սակայն մինչև հիմա պատասխան չեն ստացել:
«Արհամարհված ենք, թող իրենց կանայք արհամարհեն»,- ասաց մայրերից մեկը:
Իսկ «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը ով հայտնի է Մարոզ անունով, ասաց որ եթե իրենց խնդրին լուծում չտան, դուռը կոտրելով կբարձրանան կառավարություն։
«Մտածում էի Կառավարության շենքին մոտենամ, կհրավիրեն, կասեն՝ տիկին Մարգարիտա, արի, տեսնենք զոհվածի ընտանիքներին ինչ է պատահել: Բայց ես հիասթափվել եմ, որ 28 տարի բանակի կողքին եմ կանգել: Եկել է պահը, որ մայրերը իրենց որդիների անգին գինը պահանջեն կառավարությունից»,- ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
Զոհվածի մի մայրն էլ նշեց, որ 4-րդ դիմումն է, որ գրել են վարչապետին ու պատասխան չեն ստացել.
«Եվ վարչապետն ասում է, թե մարտի 1-ի դեպքերով 30 մլն դրամ գումար են տրամադրում տուժածներին։ Մամուլի ասուլիսի ժամանակ էլ հայտարարեց, թե մենք փողի խնդիր չունենք։ Եթե փողի խնդրի չունես ու փողոցային կռվի ժամանակ տուժածներին տալիս ես 30 միլիոն, բարի եղիր մարտական գործողությունների ժամանակ իրենց պարտքը կատարող զինծառայողներին ևս 30 միլիոն դրամ տուր»,–ասաց մայրերից մեկը։
Իսկ Մարգարիտա Խաչատրյանը սպառնում է հացադուլ և նստադուլ հայտարարել եթե վարչապետը իրենց հետ չհանդիպի։
Սակայն վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ կարող է ինքը հանդիպի։ «Հասկանամ՝ ինչ է, հետո, բնականաբար, կփոխանցեմ։ Վարչապետն այսօր հանդիպումների շատ խիտ գրաֆիկ ունի», - ասաց Վլադիմիր Կարապետյանը։

 

Արմինե Գևորգյան