Բավ է պառակտվել
02-07-2018 19:35

Զորամասի 24 տոննա դիզվառելիքի հափշտակության գործով 6 զինվորական է ձերբակալվել

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 6 զինվորական՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, դրանց կատարմանն օժանդակելու կասկածանքով։ Եվս երկու հոգու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Զինված ուժերի առանձին ստորաբաժանումներում առանձնապես խոշոր չափերով յուրացումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զորամասի հրամանատարը(կոչումը՝ գնդապետ), օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նախնական համաձայնության գալով նույն զորամասի վառելիքաքսուքային ծառայության պետ, կոչումով մայորի հետ, 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին հրահանգել է համապատասխան աշխատակիցներին՝ զորամասի զինտեխնիկաները շահագործել սահմանվածից ավելի քիչ, ինչի արդյունքում տնտեսված դիզելային վառելիքը վաճառել է ու այդպիսով յուրացրել ՊՆ հաշվեկշռում գտնվող շուրջ 24 տոննա դիզելային վառելիքը, պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ 8 միլիոն 856 հազար դրամի գույքային վնաս:

Զորամասի հրամանատարը, ՎՔՆ ծառայության պետը, ՎՔՆ ծառայության պահեստապետը ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն՝ «առանձնապես խոշոր չափերով յուրացում», կատարելու կասկածանքով: Զորամասի 1-ին, 2-րդ և 3-րդ դիվիզիոնների հրամանատարները ձերբակալվել են ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն՝ «հանցակցություն առանձնապես խոշոր չափերով յուրացմանը», կատարելու կասկածանքով: Յուրացումներին օժանդակելու մեջ կասկածվող վարորդի և էլեկտրամեխանիկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: