Բավ է պառակտվել
03-08-2022 21:34

Հայաստանը Հնդկաստանում անցկացվող շախմատի օլիմպիադայի միանձնյա առաջատարն է

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 6-րդ անընդմեջ հաղթանակն է տարել 44-րդ Համաշխարհային օլիմպիադայում և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Այն միակն է մրցաշարին մասնակցող 188 թիմից, որը ոչ մի տուր չի պարտվել:
Հայ շախմատիստների մրցակիցը վեցերորդ տուրում «Հնդկաստան-2» թիմն էր (Համահնդկական շախմատի ֆեդերացիան օլիմպիադայում ներկայացված է երեք թիմով՝ խմբ.), հանդիպումն ավարտվել է 1,5:2,5 հաշվով՝ հօգուտ հայկական ընտրանու։ Այսպիսով, 6 խաղային օրից հետո առաջատարների եռյակում են Հայաստանը, ԱՄՆ-ը և «Հնդկաստան-2»-ը։
Հայաստանի հավաքականի կազմում են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը։
Հաջող է հանդես գալիս նաև Հայաստանի կանանց հավաքականը․ 0,5:3,5 հաշվով անգլիացիների նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ, նրանք տեղափոխվեցին մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական։
Հայաստանի ընտրանու կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Մ. Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը։

Շախմատի Համաշխարհային 44-րդ օլիմպիադան անցկացվում է հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Հնդկաստանի Չեննայ քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 188 թիմ, իսկ կանանց մրցաշարին՝ 162։ Յուրաքանչյուր հավաքականն ունի 4 հիմնական և 1 պահեստային խաղացող։ Օլիմպիադայի կազմակերպիչներն են Համահնդկական շախմատի ֆեդերացիան և ՖԻԴե-ն։