Բավ է պառակտվել
22-10-2022 13:35

Հայ ծանրորդ Սուրեն Գրիգորյանը գերազանցել է թուրք մրցակցին և դարձել պատանիների Եվրոպայի առաջնության հաղթող

Ծանրորդ Սուրեն Գրիգորյանը գերազանցել է թուրք մրցակցին և դարձել պատանիների Եվրոպայի առաջնության հաղթող, հայտնում է Հայաստանի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը։

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությունում 89 կգ քաշային Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտում ցույց տալով 340 կգ (155 + 185) արդյունք։

Հայ ծանրորդը պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե, հրում վարժությունում՝ փոքր ոսկե մեդալ:

Այս քաշային կարգում արծաթե և բրոնզե մեդալները նվաճել են Թուրքիայի ներկայացուցիչներ Կուրնազ Չանը (339 կգ) և Կուրնազ Հաքան Շուքրուն (337 կգ)։

89 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանն էլ երկամարտի 325 կգ (140+185) արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Հայաստանի ներկայացուցիչը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել հրում վարժությունում։

Հայաստանի հավաքականն արդեն 5 մեդալ է նվաճել երկամարտում։ Ավելի վաղ Մ20 մրցաշարում հաղթողի կոչումը նվաճել էին Գոռ Սահակյանը (67 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։