Բավ է պառակտվել
05-08-2022 12:31

Արոնյանը չի մասնակցի շախմատի օլիմպիադայի ԱՄՆ-Հայաստան խսղին

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բաց կթողնի Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացվող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում օգոստոսի 5-ին կայանալիք 7-րդ տուրի պարտիաները: Փաստացի Լևոն Արոնյանը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ։
Արոնյանը 2021թ․ դեկտեմբերից հանդես է գալիս ԱՄՆ հավաքականի կազմում, մինչ այդ ավելի քան 17 տարի գլխավորել է Հայաստանի հավաքականը։

Չեննայում ընթացող օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 6-րդ խաղային օրվանից հետո միանձնյա առաջատարն է (վեց տուրում վեց հաղթանակով), իսկ Ամերիկայի հավաքականը մրցաշարի ֆավորիտներից է։

Օլիմպիադայի կայքում հրապարակվել են 7-րդ տուրի թիմերի զույգերն ըստ խաղատախտակների։ Առաջին խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կխաղա Ֆաբիանո Կարուանայի հետ (5-րդ տեղը ՖԻԴԵ-ի վարկանիշում): Հրանտ Մելքումյանի մրցակիցը կլինի Ուեսլի Սոն, Սամվել Տեր-Սահակյանը կմրցի Լեյնյեր Դոմինգես-Պերեսի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Սեմ Շենկլենդի:

Կանանց մրցաշարում հայ շախմատիստուհիների (մրցաշարային աղյուսակ 6-րդ հորիզոնական) մրցակիցները կլինեն իսրայելցիները։ Մրցակից զույգերն են․
Էլինա Դանիելյան - Մարսել Էֆրոիմսկի
Լիլիթ Մկրտչյան - Դինա Բելենկայա
Աննա Մ.Սարգսյան - Մաշա Կլինովա
Սուսաննա Գաբոյան - Միչալ Լահավ

Շախմատի Համաշխարհային 44-րդ օլիմպիադան անցկացվում է հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Հնդկաստանի Չեննայ քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 188 թիմ, իսկ կանանց մրցաշարին՝ 162։ Յուրաքանչյուր հավաքականն ունի 4 հիմնական և 1 պահեստային խաղացող։ Օլիմպիադայի կազմակերպիչներն են Համահնդկական շախմատի ֆեդերացիան և ՖԻԴե-ն։