Բավ է պառակտվել
17-08-2016 11:15

Արթուր Ալեքսանյան. Հաղթանակս նվիրում եմ ապրիլյան պատերազմի հերոսներին

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չեմպիոնի ոսկին նվիրում է սահմանին կանգնած այս զինվորին և ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին:
«Ինքներդ տեսաք, որ ինքս էլ արդեն ուժասպառ էի եղել: Ամենակարևորն այն է, որ գոտեմարտի ժամանակ չանջատվեցի: Ուրախ եմ, հպարտ, որ 20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին ոսկե մեդալ է նվաճում Օլիմպիական խաղերում: Ապրիլյան պատերազմից հետո շատ էի ազդվել և դեռ այն ժամանակ ինձ համար որոշել էի, որ չեմպիոն դառնամ, ապա հագնելու եմ այս շապիկը: Այս հաղթանակը նվիրում եմ սահմանին կանգնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին: Իսկ ինչ վերաբերում է Միհրանին, ապա նա ինձ համար չեմպիոն է, նա ամբողջ աշխարհի համար է չեմպիոն, մենք այսօր պետք է ունենայինք երկու ոսկի», - նշել է Ալեքսանյանը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ) դարձավ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 31-րդ oլիմպիական ամառային խաղերի չեմպիոն։