Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշայինների պայքարում: 1/8 եզրափակիչում գյումրեցի ըմբիշը 5:2 հաշվով հաղթեց իտալացի 30-ամյա Դաիգորո Տիմոնչինիին: Արթուրը պասիվ սկսեց գոտեմարտը, թեեւ առաջին մրցափուլում իտալացուն պարտեր նստեցրին պասիվության համար: Սակայն Ալեքսանյանը չկարողացավ միավոր վաստակել: Առաջին մրցափուլի վերջում նաեւ հայ ըմբիշը հայտնվեց պարտերում, բայց կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:
Երկրորդ մրցափուլում Ալեքսանյանն ավելի ակտիվ էր սկզբում վաստակեց 2 միավոր: Վերջնամասում Եվրոպայի եռակի չեմպիոնը վաստակեց եւս 3 միավոր, իսկ քիչ անց 2 միավոր տվեց մրցակցին:
Քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը կհանդիպի ռումինացի Ալին Ցիուրարուի հետ: