Բավ է պառակտվել
14-09-2021 16:45

Էլինա Դանիելյանն արժանացել է «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» շքանշանին (տեսանյութ)

Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանն, ով վերջերս նվաճեց Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը, արժանացել է «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանին։

Մրցանակը անվանի շախմատիստուհուն երեքշաբթի իր նստավայրում հանձնել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

Անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ Դանիելյանը դարձավ կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջին հաղթողը: Օգոստոսի 9-20-ը Ռումինիայում կայացած մրցաշարի ընթացքում նա ոչ մի պարտություն չկրեց՝ հաղթելով 7 հանդիպում և 4 խաղ ավարտելով ոչ-ոքի:

Բացի այս հաղթանակից, Դանիելյանը նաև հաղթող է ճանաչվել 2001 թվականի արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում, 2003 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունում և 2006 թվականի Եվրոպայի ակումբային առաջնությունում:

Նախագահ Սարգսյանը, Դանիելյանին հանձնելով բարձր մրցանակը՝ նոր հաղթանակներ է մաղթել վերջինիս: Զրույցի ըթացքում նրանք քննարկել են շախմատային աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, կարևորել Հայաստանում շախմատային ավանդույթների պահպանումն ու զարգացումը։

Հանդիպումը շարունակվել է շախմատային տախտակի շուրջ. գրոսմայստերի և Հայստանի նախագահի միջև պարտիան ավարտվել է բարեկամական ոչ-ոքի: