Հայկական արմատներով ռուսաստանցի Դավիթ Ավանեսյանը պաշտպանեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը մինչև 66,68 կգ քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների շրջանում: Լոնդոնում կայացած 12 ռաունդանոց մենամարտում նա վեցերորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց բրիտանացի Ջոշ Քելլիին:
Ավանեսյանը երրորդ անգամ պաշտպանեց Եվրոպայի չեմպիոնի գոտին, որը նվաճել էր 2019-ի մարտին` 9-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակի հասնելով
Քեվին Լեհարագայի նկատմամբ։ Նույն տարվա սեպտեմբերին ռուսաստանցին երկրորդ անգամ հաղթեց Լեհարագային՝ կրկին տեխնիկական նոկաուտով բայց առաջին ռաունդում, իսկ դեկտեմբերին պաշտպանեց գոտին ՝ առաջին ռաունդում նոկաուտով հաղթելով իսպանացի Խոսե դել Ռիոյին:
31-ամյա ռուսաստանցին ընդհանուչ առմամբ ունեցել է 27 հաղթանակ (15-ը՝ նոկաուտով), երեք պարտություն և մեկ ոչ-ոքի: 2015թ․ նոյեմբերին նա նվաճեց բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) աշխարհի ժամանակավոր չեմպիոնի գոտին իններորդ ռաունդում վենեսուելացի Չարլի Նավարոյի նկատմամբ տեխնիկական նոկաուտով տարած հաղթանակի շնորհիվ, իսկ 2016-ի մայիսին պաշտպանեց տիտղոսը՝ միավորներով հաղթելով ամերիկացի Շեյն Մոսլիին: 2016-ի նոյեմբերին WBA- ն շնորհեց ամերիկացի Քիթ Թուրմանին աշխարհի սուպեր չեմպիոնի կոչում, իսկ Ավանեսյանին հռչակեց կանոնավոր, բայց ռուսաստանցին չկարողացավ պաշտպանել գոտին՝ 2017-ի փետրվարին միավորներով զիջելով ամերիկացի Լեյմոնտ Պիտերսոնին:
2009 թվականից Ավանեսյանը հանդես էր գալիս բացառապես Ռուսաստանում, որտեղ նվաճեց ազգային չեմպիոնի կոչումը և տարածաշրջանային երեք գոտի՝ բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) վարկածի համաձայն, իսկ 2014 թվականից նա սկսեց մենամարտեր անցկացնել արտերկրում և այժմ բնակվում է բրիտանական Նյուարքում:
26-ամյա Քելլին իր առաջին պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում, նա ունի 10 հաղթանակ (6-ը՝ նոկաուտով), 1 ոչ-ոքի: Սիրողական ռինգում բրիտանացին դարձել էր Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, մասնակցել աշխարհի առաջնությանը և օլիմպիական խաղերին: