Բավ է պառակտվել
02-03-2023 10:36

WBA և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնը Հայաստանի քաղաքացիություն է ստացել ր պատրաստ է հանդես գալ նրա դրոշի ներքո

Բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիայի (IBF) և Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածներով առաջին ծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն ռուսաստանցի Մուրադ Գասիևը Հայաստանի քաղաքացիություն է ստացել։ Գասիևը Ասիայի գործող չեմպիոնն է WBA Asia-ի վարկածով և Եվրասիայի՝ EBP-ի վարկածով։

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ չորեքշաբթի Գասիևին ընդունել է փոխնախարար Կարեն Գիլոյանը։

«Լիահույս եմ՝ մոտ ապագայում կմենամարտեք նաև որպես հայաստանցի ներկայացուցիչ և հաղթանակած կբարձրացնեք նաև Հայաստանի դրոշը»,- դիմելով նրան՝ ասել է Գիլոյանը:

Մարտի 3-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր մենամարտում Գասիևը կմենամարտի ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Բալոգունի հետ։

Փոխնախարարը հաջողություն և հաղթանակ է մաղթել Գասիևին առաջիկա մենամարտում։

Գասիևն իր հերթին հաստատել է հետագայում Հայաստանի դրոշի ներքո ռինգ դուրս գալու հնարավորությունը: Նա նշել է, որ երկար ճանապարհ է անցել այս մարզաձևում և նպատակ ունի պայքարելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: