Բավ է պառակտվել
30-03-2022 11:43

Երևանում կանցկացվի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, ակնկալվում է 35 երկրի մարզիկների մասնակցություն

Մայիսի 21-ից 31-ը Երևանում կանցկացվի բռնցքամարտի Եվրոպայի 2022 թ. առաջնությունը։ Չորեքշաբթի օրը ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել այս միջոցառման նախապատրաստական ​​աշխատանքներին նվիրված խորհրդակցություն՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Կառավարության մամլո ծառայությունից հայտնում են, որ ընթացող աշխատանքների մասին զեկուցել են հատուկ առաջնության աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչները։

Նշվել է, որ առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Սպասվում է 35 երկրի մասնակցություն, Հայաստան կժամանի մոտ 280 բռնցքամարտիկ։

Զեկուցվել է, որ առաջնությունը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար կան բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, իսկ ՄՀՀ-ում վերանորոգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի։ Քննարկվել են նաև մրցաշարի բացման արարողությանը, մարզիկների տեղաբաշխմանը, անվտանգությանը, առաջնության լուսաբանմանը վերաբերող հարցեր։

Մասնավորապես, Կարապի լճի մոտ կստեղծվի ֆան-գոտի, կտեղադրվի մեծ էկրան։

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Հարությունյանն ընդգծել է, որ առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար անհրաժեշտ է արդյունավետ աշխատել նախատեսված բոլոր ուղղություններով։