Բավ է պառակտվել
07-06-2019 16:57

Երևանը կհյուրընկալի քունգ ֆուի աշխարհի գավաթի մրցաշարը՝ 300 մարզիկի մասնակցությամբ

Շուրջ 300 մարզիկ 17 երկրից կմասնակցի քունգ ֆուի աշխարհի գավաթի մրցաշարին, որը կանցկացվի Երևանում հունիսի 8-9-ին, հայտնել է Հայաստանի քունգ ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը։

“Անցյալ տարի քունգ ֆուի միջազգային ֆեդերացիան հաստատել է Երևանում աշխարհի գավաթի մրցաշարն անցկացնելու հայտը։ Այդ որոծման համար նախադրյալ է հանդիսացել 2018 թվականին Երևանում քունգ ֆուի բաց առաջնության կազմակերպումը”,-ասել է նա ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսում։

Ընդ որում, նա նշել է, որ մրցավարների մեծամասնությունը ներկայացնում են միջազգային ֆեդերացիան, որը կապահովի մրցումների աննախադեպ որակը։

“Մրցավարական հանձնաժողովի կորպուսը կգլխավորի քունգ ֆուի միջազգային ֆեդերացիայի նախագահի տեղակալ, Շանհայից արևելյան մենամարտերի հայտնի վարպետ Ֆու Մինվելը։ Մրցավարների թվում կլինի նաև Ռուսաստանի քունգ ֆուի ֆեդերացիայի նախագահ, վաստակավոր մրցավար Կամիլ Ռաբադանովը։,-ասել է նա։

Հարությունյանը հայտնել է, որ մրցաշարի բացումը տեղի կունենա հունիսի 8-ին “Միկա” մարզադաշտում, մուտքն ազատ է։

“Մրցումների շրջանակում սպասվում են չինացի վարպետների ցուցադրական ելույթներ, ինչպես նաև պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ մրցաշարեր”,- ասել է նա։

Քունգ ֆուն մարտարվեստի յուրահատուկ չինական ոճ է, որը հանդիսանում է ամենահին մարզաձևերից մեկը։ Չինական քունգ ֆուն պարունակում է ինքնապաշտպանությանն ու առողջության ամրապնդմանն ուղղված տեխնիկայի մեծ թվով տեսական և գործնական տարրեր։