Բավ է պառակտվել
06-05-2020 23:22

FIDE-ն հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանին անվանել է Ազգերի գավաթի օրվա հերոս

FIDE-ն հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանին անվանել է Ազգերի գավաթի առցանց մրցաշարի օրվա հերոս։ Նա հանդես է գալիս Եվոպայի թիմի կազմում, որի ավագն է Գարի Կասպարովը։

Ինչպես տեղեկացվել է FIDE-ի ֆեյսբուքյան էջում, մրցաշարի երկրորդ օրը Արոնյանը երկու հաղթանակ է գրանցել, ինչի շնորհիվ իր թիմը 5 միավորով հայտնվել է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում։ Երրորդ տուրում նա հաղթել է Վիդիթ Սանթոշ Գուջարաթին (Հնդկաստան), իսկ չորրորդում` Լեինիեր Դոմինգես Պերեսին (ԱՄՆ):

Չորս տուրից հետո մրցաշարային ընդհանուր աղյուսակիառաջատարն է Չինաստանի ընտրանին՝ 7 միավորով, նրան հետևում է ԱՄՆ-ի հավաքականը՝ 5 միավորով։

Ռուսաստանը ներկայումս գտնվում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում`4 միավորով, նրան հաջորդում է “Մնացած աշխարհը” ներկայացնող թիմը` 2 միավորով, իսկ Հնդկաստանի հավաքականն ունի 1 միավոր:

Արոնյանից բացի, թիմում ընդգրկված են Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Նիդերլանդներ) և Աննա Մուզիչուկը (Ուկրաինա): Պահեստային խաղացողներն են Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան) և Նանա Ձագնիձեն (Վրաստան)։
Թիմային առցանց Ազգերի գավաթի մրցաշարը, որը կազմակերպել են ՖԻԴԵ-ն և Chess.com առաջատար շախմատային պորտալը մեկնարկել է 2020թ․մայիսի 5-ին և կավարտվի մայիսի 10-ին: Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 180հազ, ԱՄՆ դոլար։

Հեռարձակումը հասանելի է FIDE- ի և Chess.com- ի ալիքներում ՝ YouTube- ում և Twitch- ում, ինչպես նաև Match TV- ում: Խաղը մեկնաբանվում է 10 լեզուներով: