Բավ է պառակտվել
06-03-2023 11:18

Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ այլևս չի խաղա Հայաստանի հավաքականում և խոստացել է «ամեն ինչ պատմել»

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ վերադառնալ հավաքական։

«Չեմ ափսոսում իմ որոշման համար: Ես միշտ սառը գլխով և հանգիստ սրտով եմ կայացրել իմ որոշումները»,- ասել է նա Proffootball-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չի՞ ցանկանում վերադառնալ ազգային հավաքական։

Ընդունելով, որ ազգային հավաքականից հեռանալու որոշումն իր համար հեշտ չի եղել, ֆուտբոլիստը նշել է, որ ավելի լավ է «կարիերան մեկ քայլ շուտ ավարտել, քան երկու քայլ ուշ»։

«Սա այն դեպքն է, երբ ես հասկացա, որ ժամանակը եկել է։ Այդ որոշման մանրամասների մասին կխոսեմ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո։ Չնայած այն հանգամանքին, որ սա ամենայն հավանականությամբ հիմա բոլորին է հետաքրքրում, ավելի լավ կլինի, եթե այդ մասին խոսենք ավելի ուշ․ ամեն ինչի մասին կպատմեմ, ամեն ինչ կպատմեմ»,- ասել է նա։

Միաժամանակ Մխիթարյանը հաջողություն է մաղթել Հայաստանի հավաքականին առաջիկա խաղերում, հատկապես Թուրքիայի դեմ։

«Եկել է ժամանակը, որ երիտասարդ սերունդը պատասխանատվություն ստանձնի և կարողանա առաջնորդել ազգային հավաքականը։ Վերջին մի քանի խաղերը բարդ էին, բայց նոր մարզչի գալով, հուսով եմ, ամեն ինչ կստացվի, և մեր տղաները մեծ պատվով ու պատասխանատվությամբ հանդես կգան»,- ասել է նա։
Մխիթարյանը Դորթմունդի «Բորուսիայի» կազմում Գերմանիայի սուպերգավաթի, Ֆուտբոլի լիգայի գավաթի, Անգլիայի սուպերգավաթի, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպայի լիգայի հաղթող է։

Կիսապաշտպանը նաև Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է (32 գոլ), որտեղ ավարտեց կարիերան անցած տարվա մարտին։