Հայրապետյան. Պատրաստ եմ հրաժարական տալ, ես էլ եմ արդեն հոգնել ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հավաքականի անհաջող ելույթներում առաջին պատասխանատուն ինքն է:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի բացառում, որ կարող է հեռանալ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: «Երբեք չի կարելի ոչինչ բացառել»,-ասել է Հայրապետյանը:
2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ ՀՖՖ-ի նախագահ ասել էր, որ կհեռանա ՀՖՖ նախագահի պաշտոնից, եթե թիմը չհաղթահարի որակավորման փուլը:
Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, եթե հայտնվի արժանի թեկնածու:
«Ամեն պահ պատրաստ եմ հրաժարական տալ, եթե հարմար թեկնածու լինի: Ես էլ եմ հոգնել, չեմ բացառում, որ նոր մարդիկ կգան թարմ ուժերով ու կկարողանան ինչ-որ բան անել: Բայց ո՞ւր են նրանք»,- ընդգծել է նա: