22-09-2018 15:21

Հայաստանի ԱԱԾ ղեկավարը ՀՖՖ նախագահ է ընտրվել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այսօրվա արտահերթ ժողովին կառույցի նախագահ է միաձայն ընտրվել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
Իր ելույթում Վանեցյանն, ով այդ պաշտոնի համար ներկայացված միակ թեկնածուն էր, նշել է հայկական ֆուտբոլի զարգացման իր ծրագրի հիմնական դրույթները։

Նրա խոսքերով, ֆուտբոլը պետք է լինի բոլորի համար, և ամեն համայնք պետք է առնվազն մեկ խաղադաշտ ունենա, որպեսզի մարդիկ կարողանան ֆուտբոլով զբաղվել։ Արթուր Վանեցյանն առաջնային է անվանել ֆուտբոլի զարգացումը մարզերում։ “Մենք առաջնային ենք համարում այնպիսի համակարգի ստեղծումը, որ հույսներս միայն երբեմն փայլատակող “աստղերի” վրա չդնենք”։
Վանեցյանի խոսքերով՝ լուրջ ուշադրություն է դարձվելու կանանց ֆուտբոլի զարգացմանը։ Բացի այդ, ավելացրել է նա, ֆուտբոլային ղեկավարությունը թափանցիկ է աշխատելու։

Նշենք, որ ՀՖՖ արդեն նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը չէր մասնակցում այսօրվա նիստին։ Այսօր կայացել են նաև ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները։

Նախօրեին հրաժարական էր ներկայացրել Հայասատնի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

Ըստ ԶԼՄ որոշ հրապարակումների՝ բացառված չէ, որ Հայաստանում ֆուտբոլային ղեկավարության փոփոխությունից հետո ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին կարող է հրավիրվել հայկական արմատներ ունեցող Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, 1988թ․աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը։