Բավ է պառակտվել
06-10-2021 12:02

Հայաստանի պետծառայողներն այսուհետ կարող են մարզասրահ և լողավազան հաճախել սոցփաթեթի շրջանակներում

Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

Այյս փոփոխություններով պետծառայողներին հնարավորություն է ընձեռնվում սոցփաթեթով կուտակված գումարների հաշվին հաճախել լողավազան և մարզադահլիճ, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ մարել ուսանողական վարկերը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջինից երկրորդ ընթերցման միջակայքում մի շարք առաջարկներ են ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ: Մասնավորապես, առաջարկվում էր պետծառայողներին հնարավորություն տալ սոցիալական փաթեթից միջոցներ ուղղել բնակարանների վարձակալությանը, սակայն առաջարկը մերժվել էր: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը պարզաբանեց, որ դա հակասում է սոցիալական փաթեթի գաղափարին:

«Սոցիալական փաթեթի տրամաբանությունը հետևյալն է. գրավիչ դարձնել պետական ​​հատվածում աշխատանքը և նվազեցնել անձնակազմի արտահոսքը պետականից մասնավոր հատված: Սոցիալական փաթեթում մենք ունենք մի քանի կարևոր բաղադրիչ, օրինակ` պետությունն առաջարկում է հիվանդությունների կանխարգելման մեխանիզմ, հանգստանալու հնարավորություն և բժշկական սպասարկում», - ասաց նա:

Սարգսյանը բացատրեց, որ եթե հնարավորություն տրվի սոցփաթեթի շրջանակում մարել բոլոր սպառողական վարկերը և ապահովել ընթացիկ ծախսերն, ապա մարդիկ կընտրեն միջոցների օգտագործման այս ուղղություններն, այլ ոչ թե սոցիալական փաթեթի առանցքային կետերը: Նա նաև նշեց, որ շահառուները սոցիալական փաթեթի միջոցների մոտ 60%-ն օգտագործում են հանգստի կազմակերպման համար:

Սարգսյանի խոսքով, սոցիալական փաթեթից ստացված միջոցները բավարար չեն բնակարանային վարձը վճարելու համար, ինչին ընդդիմադիր պատգամավորները հակադարձեցին, որ այս գումարով հնարավոր չէ նաև մարել հիփոթեքային վարկը (հիփոթեքային վարկի մարումը ներառված է որպես սոցիալական փաթեթի միջոցների օգտագործման ուղղություն- խմբ.):

«Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այն, ինչ ներկայացվեց այսօրվա նիստին, իրատեսական չէ, հատկապես առաջարկներ և համապատասխան հոդվածներ ներկայացնելու տեսանկյունից:

«Նույնիսկ եթե վեճ լիներ (նախագծի վերաբերյալ), այն պետք է քննարկվեր և լուծվեր հանձնաժողովում, այլ ոչ թե որպես անակնկալ ներկայացվեր նիստերի դահլիճում: Մեր խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու այս նախագծին», - ասաց նա:

Արդյունքում փոփոխությունները հաստատվեցին․ օրինագծի ընդունմանը կողմ քվեարկեց 56 պատգամավոր, դեմ արտահայտվեց 1 խորհրդարանական, ձեռնպահ՝ 23-ը: