Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ հուլիսի 9-ին, ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին եւ նրա հետ քննարկել սպորտի բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հարցը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գաբրիել Ղազարյանը, ողջունելով դեսպանին, նշել է, որ բարձր է գնահատում 2 երկրների միջեւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման ոլորտում համագործակցությունը, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպումը եւ անցկացումը:
Դեսպանը շնորհավորելով Գաբրիել Ղազարյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նրան է փոխանցել ԻԻՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի ջերմ ողջույններն ու հույս հայտնել, որ ապագայում 2 երկրների սպորտի պատասխանատուների փոխադարձ այցելությունների կազմակերպումն առավել կսերտացնեն համագործակցությունը նշված ոլորտներում:
Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են նաեւ սպորտի բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի անհրաժեշտությունը, որն իր հերթին էլ ավելի կնպաստի Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ համագործակցության խորացմանը:
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին նաեւ նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը եւ նախարարի խորհրդականներ Տիգրան Միքայելյանն ու Հայկ Ղուկասյանը: