Բավ է պառակտվել
30-06-2018 17:30

ՀՖՖ նախագահի պաշտոնում Ռուբեն Հայրապետյանը միայն իրեն է տեսնում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը շարունակում է պնդել, որ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում այլ մարդու չի տեսնում: Հայրապետյանը նման հայտարարություն արեց այսօր՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդեացիայի հերթական ժողովից հետո:

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության հարցին, նշելով՝ հույս ունի, որ կկայանա այնպիսի ընտրություն, որը և՛ ֆուտբոլասերների, և՛ ֆեդերացիայի սրտով կլինի: ՀՖՖ նախագահը միայն ասաց, թե համակարծիք է վարչապետի հետ:

«Արդյո՞ք ֆուտբոլասերները ցանկանում են ձեզ տեսնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնում»,-այս հարցին ի պատասխան Հայրապետյանը նշեց, թե ՀՖՖ նախագահ չի դառնա միայն այն դեպքում, եթե ֆուտբոլային հանրությունը չցանկանա դա: Ապա հավելեց․ «Ի՞նչ ա նշանակում՝ ֆեդերացիայի նախագահ ես ընտրվում և ֆուտբոլային հանրության ցանկությունը չկա։ Ուղղակի ծիծաղելի է։ Կամ ձեզ թվում է՝ ես էդքան կառչա՞ծ եմ ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, ամեն գնով պիտի ասեմ՝ գիտե՞ք ինչ, ժողովուրդն ինձ չի ուզում, բայց ես պարտադիր պիտի մնամ։ Չարաչար սխալվում եք, հաստատ տենց չի»։

Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիան ղեկավարում է 2002 թվականից: 2003-2012 թթ․ Հայրապետյանը եղել է նաև Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր։ Այսօր, պատասխանելով հարցին՝ արդյոք մտադիր է վերադառնալ քաղաքականություն ու մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին, Ռուբեն Հայրապետյանն ասաց՝ բացառում է դա, ապա հավելեց․ «Կյանքում այլևս նման սխալ չեմ անի: Ազնվորեն եմ ասում, ես դա համարում եմ իմ կյանքի ամենամեծ սխալը, որ մտել եմ քաղաքականություն»։