Բավ է պառակտվել
21-02-2020 16:50

ՀՀ կառավարությունն ամեն ինչ կանի, որ դուք զգաք պետության աջակցությունը․վարչապետը մարզիկներին

 

«Առանձնահատուկ տեղ ենք տալիս սպորտին` արձանագրելով մեր ազգային և պետական նպատակը մինչև 2050 թվականն ունենալ առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ»,- Բաղրամյան 26-ում տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ շատերին այս նշաձողը թվում է չափազանց բարձր, բայց դա իրենց ոչ թե հուսահատեցնում է, այլ ընդհակառակը՝ ոգևորում է։

 

Չեմպիոն լինելու համար կա մի շատ կարևոր նախապայման՝ տրամադրված լինել անել ոչ թե այն, ինչ հնարավոր է, այլ անել այն, ինչ անհնար է»,- ասաց վարչապետը։
«Բազմիցս եմ առիթ ունեցել ասելու, որ, ցավոք սրտի, Հայաստանում երիտասարդության շրջանում քրեական փսևդո-մշակութային ազդեցությունները շատ մեծ են։ Մեր չեպիոնների դերը տեսնում եմ նաև սրա մեջ, որ նրանք դառնան ընդօրինակելի կերպար երիտասարդների համար, որոնց վստահություն կներշնչեն սեփական ուժերի նկատմամբ, ցույց կտան թե մարդու նպատակաուղղվածությունը, աշխատասիրությունը, թիմային լինելու ընդունակությունն ինչպիսի բարձունքների կարող է հասցնել ոչ միայն յուրաքանչյուր անհատի, այլ մի ամբողջ ժողովրդի, պետության»,- ասաց վարչապետը։
Վերջինս նշեց,որ իրենք ակնկալում են,որ ՀՀ մարզական հանրությունը և կառավարությունը դառնան դաշնակից, գործընկեր ՀՀ զարգացման ռազմավարական տեսլականը իրագործելու հարցում:
« Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի, որ դուք զգաք պետության աջակցությունը, և համոզված եմ, որ դուք ձեր գործունեության ամեն օր, ամեն վայրկյան, ամեն ժամ գիտակցում եք, որ առաքելությունը, որ դուք կատարում եք, ազգային, պետական ռազմավարական առաքելություն է»,–ասաց վարչապետը։
Նշենք,որ ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշվեց պահուստային ֆոնդից գումար հատկացնել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ին կայացած Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված մարզիկներից յուրաքանչյուրին 5- ական մլն դրամ պարգևատրելու նպատակով։ Կառավարությունը պարգևատրման համար նախարարությանը փոխանցեց 50 մլն դրամ։

Նշենք լավագույն տասնյակում են․
Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ) – աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն
Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ)- Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյան (սպորտային մարմնամարզություն) – Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն
Գոռ Մինասյան (ծանրամարտ) – աշխարհի փոխչեմպիոն
Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ)- աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ) – Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ըմբշամարտ)- աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Տիգրան Կիրակոսյան (սամբո) – Եվրոպական խաղերի չեմպիոն
Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ)- Եվրոպայի չեմպիոն
Հակոբ Մկրտչյան (ծանրամարտ) – աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն։

 

 

Արմինե Գևորգյան