Բավ է պառակտվել
20-08-2018 10:08

Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ֆաբիո Կարուանոյի հետ

Ամերիկյան Սենտ-Լուիս քաղաքում ընթացող մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ֆաբիո Կարուանոյի (ԱՄՆ) հետ:
Ոչ ոքի արդյունքով են ավարտվել նաև Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Շախրիար Մամեդյարով (Ադրբեջան), Վիշի Անանդ (Հնդկաստան)- Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Ուեսլի Սո (ԱՄՆ) - Խիկարու Նակամուրա (ԱՄՆ) հանդիպումները:
Սինկֆիլդի գավաթի երկրորդ մրցաշարային օրից հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է մնալ առաջատարների եռյակում:
Միակ արդյունավետ հանդիպումը՝ 1:0, անց են կացրել Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) և Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան):
Հանդիպման արդյունքներով՝ հավաքելով 1,5 -ական միավոր, առաջին եռյակում են Արոնյանը, Կառլսենը և Մամեդյարովը: Մեկական միավոր վաստակած Կարուանան, Անանդը, Վաշյե-Լագրավը, Նակամուրան և Գրիշչուկը կիսում են հաջորդ հորիզոնականը, Սոն հավաքել է 0,5 միավոր: Զրոյական արդյունքով մրցաշարային աղյուսակը եզրափակում է Կարյակինը:
Հիշեցնենք, որ շախմատի համաշխարհային Գրանդ տուրի մրցաշարն անցնում է մեկ փուլով և ավարտվելու է օգոստոսի 27-ին, (օգոստոսի 23 -ը՝ հանգստյան օր): Ժամանակի վերահսկողությունը դասական է. շախմատիստներն ունեն 100 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետ 60 րոպե մինչև խաղի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար 30 վարկյանի ավելացմամբ՝ սկսած առաջինից: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 300 հազ. դոլար, հաղթողը կպարգևատրվի 75 հազ. դոլարով: