Բավ է պառակտվել
16-07-2021 13:48

Լևոն Արոնյանը դուրս եկավ շախմատի Աշխարհի գավաթից

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս եկավ շախմատի Աշխարհի գավաթից։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Մեծ ափսոսանքով եմ տեղեկացնում, որ դուրս եմ գալիս ՖԻԴԵ-2021 աշխարհի առաջնությունից։ Բարձր ջերմության և տոնզիլիտի առկայության պայմաններում՝ չնայած խաղալու մեծ ցանկությանը, ես պետք է լինեմ ռացիոնալ և ամենից բարձր դասեմ իմ և այլոց առողջությունը»,- գրել է Արոնյանը։

Նա շնորհակալություն է հայտնել անձամբ ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչին աջակցության համար։

«Խնդրում եմ, հոգացեք ձեր մասին, ր հուսով եմ, որ մրցաշարը կշարունակվի առանց որևէ միջադեպի։ Խոստանում եմ շուտ ապաքինվել և վերադառնալ 64 վանդակների կախարդական աշխարհ»,- գրել է գրոսմայստերը։

Երեկ հայտնի դարձավ, որ Արոնյանը բաց կթողնի Սոչիում անցկացվող ՖԻԴԵ-ի գավաթի խաղարկության երկրորդ տուրի առաջին հանդիպումը։ Նշվեց նաև, որ Արոնյանը, զբաղեցնելով շախմատի համաշխարհային վարկանիշում հինդերորդ տեղը, ՖԻԴԵ-ի Գավաթի համար պայքարի մեջ կմտնի երկրորդ մրցափուլից (հուլիսի 12-ին)։

Շախմատի Աշխարհի գավաթի մրցաշարը մեկնարկել է Սոչիում (ռուսաստան) հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին։ Մրցաշարի հաղթողն ու եզրափակչի մասնակիցը դուրս կգան հավակնորդների մրցաշար, որտեղ կպայքարեն շախմատի համաշխարհային թագի համար խաղին մասնակցելու իրավունքի համար: