Բավ է պառակտվել
12-03-2019 18:32

Մխիթարյանը ճանաչվել է “Արսենալի”՝ փետրվարի լավագույն խաղացող

Փետրվարին լոնդոնյան “Արսենալի” լավագույն խաղացող է ճանաչվել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը։

“Շնորհավորու՛մ ենք, Մխիթարյան։ Ամսվա լավագույն խաղացողը հավաքել է երկրպագուների ձայների 40 տոկոսն”,- ասվել է հաղորդագրության մեջ։

Մխիթարյանն առաջին տեղն է զբաղեցրել երկրպագուների քվեարկության արդյունքում՝ հավաքելով ձայների 40 տոկոսը։ Այս մրցանակի համար պայքարում կիսապաշտպանն առաջ է անցել հարձակվող Ալեքսանդր Լյակազետին և դարպասապահ Բերնդ Լենոյին։

Փետրվարին Մխիթարյանը բոլոր մրցաշարերում հինգ խաղ է անցկացրել “Արսենալի” կազմում, խփել է երկու գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։

30-ամյա Մխիթարյանը “Մանչեսթեր Յունայթեդից” “Արսենալ” է տեղափոխվել 2018 թ. հունվարին: Այս մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է Անգլիայի առաջնության 18 հանդիպմանը, որոնց ընթացքում դարձել է վեց գոլի հեղինակ, ինչպես նաև աչքի է ընկել չորս արդյունավետ փոխանցմամբ: Ակումբի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թ. ամառը: