Բավ է պառակտվել
21-05-2019 14:37

Մայիսի 29-ին Բաքվում կայանալու է Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղը “Արսենալի” և “Չելսիի” միջև։

Անգլիական “Արսենալի” հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը պետք է անվտանգության երաշխիքներ ստանա Ադրբեջանից, ասել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը երեքշաբթի ասուլիսի ժամանակ։

Մայիսի 29-ին Բաքվում կայանալու է Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղը “Արսենալի” և “Չելսիի” միջև։

“Եթե ադրբեջանական կողմից համապատասխան երաշխիքներ տրվեին, որոնք կբավարարեին և՛ Հենրիխ Մխիթարյանին և՛ իր թիմին, ապա Արտաքին գործերի նախարարությունը որևէ առարկություն չունի Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք խաղին մասնակցելու առումով”,- ասել է Նաղդալյանը։

Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն անհանգստացած է տարբեր աղբյուրներից ստացվող այն լուրերով, որ Ադրբեջանն արգելել է հայ երկրպագուների մուտքը Բաքու։

“Մենք կողջունեինք, եթե ադրբեջանական կողմը հավատարիմ մնար այն սկզբունքներին, որ հաստատվել է օրեր առաջ՝ սպորտը վեր է քաղաքականությունից: Ավելին, սպորտում ռասիզմի և այլատյացության դրսևորումները որևէ տեղ չպետք է ունենան, և այս առումով Ադրբեջանի կողմից նման երաշխիքների չտրամադրելը և Ադրբեջանի կողմից ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքի արգելքը ոչ այլ ինչ է, քան ռասիստական նոր դրսևորում։ Այս ամենը կասկածի տակ է դնում Ադրբեջանում նման կարգի միջազգային միջոցառումների անցկացումը”- ասել է Նաղդալյանը։

Նրա խոսքերով, կազմակերպելով այդ ֆուտբոլային խաղը Ադրբեջանը հնարավորություն ուներ ցույց տալու, թե որքան է իրապես պատրաստ աշխատելու երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։

“Սակայն մենք չտեսանք Ադրբեջանի որևէ ներդրում այս ուղղությամբ, այլև ականատես եղանք ռասիզմի նոր դրսևորումներին։ Բնականաբար, մեր կողմից այս հանգամանքը բարձրացվելու է մեր միջազգային գործընկերների առաջ, բայց ինքնին փաստը ցավալի է”,- ասել է Նաղդալյանը։

Ավելի վաղ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) հայտարարել էր, որ կապահովի 30-ամյա Մխիթարյանի անվտանգությունը և կաջակցի Ադրբեջան մուտք գործելու համար անհրաժեշտ վիզայի և այլ փաստաթղթերի ձևակերպման հարցում։

Սակայն “Արսենալի” ղեկավարությունը կարծում է, որ դեռևս առկա է խնդիրներ ծագելու զգալի վտանգը, քանի որ հյուրանոցում կամ քաղաքում տեղաշարժվելու ընթացքում Մխիթարյանի շուրջ ստեղծված ցանկացած իրավիճակ կանդրադառնա մնացած թիմի վրա։ Եվրոպայի լիգայում ֆուտբոլիստի մասնակցության վերջնական որոշումը կկայացվի ավելի ուշ, թիմը Բաքու է մեկնելու մայիսի 25-ին։

2015 թվականին, Դորթմունդի “Բոռուսիայի” կազմում հանդես գալու ժամանակ Մխիթարյանը չի մասնակցել Եվրոպայի լիգայի արտագնա հանդիպմանը ադրբեջանական “Գաբալա” թիմի հետ (3։1) անվտանգության նկատառումներից ելնելով։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բաց է թողել Բաքվում կայացած խմբային մրցաշարի հանդիպումը “Ղարաբաղ” թիմի հետ (3: 0)։

“Արսենալ”-ի գլխավոր մարզիչ Յունի Էմերին բացատրել է խաղացողի բացակայությունն, ասելով, որ “նա չի կարող ճանապարհորդել այստեղ”, իսկ “Ղարաբաղի” մարզիչ Գուրբան Գուրբանովը կարծիք է հայտնել, որ ակումբը կարող էր խաղացողին պաշտպանել այն ճնշումից, որը կարող էր սպասել նրան Ադրբեջանում հայտնվելու դեպքում:

Այս մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է Եվրոպայի լիգայի 11 հանդիպման, կատարելով երեք գոլային փոխանցում և ստանալով երկու դեղին քարտ: