Բավ է պառակտվել
29-03-2023 18:53

ՀՀ կրթության նախարարությունն արձագանքել է չեմպիոն Էրիկ Իսրայելյանի՝ քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարկ է համարում պարզաբանել բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանի դժգոհություններն առ այն, թե չի ստացել պետության կողմից իրեն հատկացված ֆինանսական աջակցությունը՝ գրանցած մարզական հաջողությունների համար:

Իսրայելյանը ավելի վաղ հայտարարել էր, որ հրաժարվում է Հայաստանի քաղաքացիությունից և հանդես է գալու այլ երկրում։ Իր որոշումը նա բացատրել է իրավասու մարմինների անտարբերությամբ։

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ 2022 թվականի հունվարից մինչ օրս որպես խրախուսում և աջակցություն նրան վճարվել է 5 մլն 720 հազար դրամ։

«Հարկ ենք համարում հայտնել, որ կառավարությունն ու նախարարությունը մարզական արդյունքների համար բնակարանների հատկացման ծրագիր չեն իրականացնում»,- ասված է հաղորդագրությունում։

Որպես Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու որոշման պատճառ՝ լրատվամիջոցները, վկայակոչելով Իսրայելյանին, նշում են հաղթանակներից հետո նրան բնակարան չտրամադրելը։

Իսրայելյանը ոսկե մեդալ է նվաճել 2022 թվականի նոյեմբերին կայացած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Նա նաև Եվրոպայի երիտասարդների գործող չեմպիոնն է։ ($1 – 388,21 դրամ)։