Բավ է պառակտվել
14-02-2022 19:19

ՄՕԿ-ը որոշել է չանցկացնել Պեկինի օլիմպիական խաղերում գեղասահորդների թիմային մրցաշարի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը

Օլիմպիական խաղերում գեղասահքի թիմային մրցաշարի հաղթողների ու մրցանակակիրների պարգևատրման արարողություն Պեկինում չի անցկացվի։ Այս մասին հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամլո ծառայությունը։

Փետրվարի 7-ին Ռուսաստանի գեղասահքի թիմը, որի կազմում էին Կամիլա Վալիևան, Մարկ Կոնդրատյուկը, Անաստասիա Միշինան և Ալեքսանդր Գալլյամովը, Վիկտորյա Սինիցինան և Նիկիտա Կացալապովը, թիմային մրցաշարում նվաճեցին Պեկինի Օլիմպիական խաղերի ոսկին։ Փետրվարի 11-ին դոպինգ թեստավորման միջազգային գործակալությունը հայտնեց, որ թիմային մրցաշարի հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը հետաձգվել է Վալիևայի՝ դեկտեմբերի 25-ին հանձնած դոպինգ թեստի դրական արդյունքի պատճառով։ Փետրվարի 8-ին РУСАДА-ն ժամանակավոր կասեցում էր սահմանել գեղասահորդուհու հանդեպ, որը նա հաջորդ օրը հաջողությամբ վիճարկել էր։ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) և Չմշկասահքի միջազգային միությունը (ISU) բողոքարկեցին այդ որոշումը, սակայն Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) մերժեց բողոքը։

«Բոլոր մարզիկների և համապատասխան ազգային օլիմպիական կոմիտեների նկատմամբ արդարության շահերից ելնելով, տեղին չի լինի 2022 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ անցկացնել գեղասահքի թիմային մեդալների հանձնման արարողությունը, քանի որ դրան կմասնակցի մարզիկ, ում մոտ արձանագրվել է դրական A նմուշ, սակայն հակադոպինգային կանոնների խախտում դեռևս չի հաստատվել»,- ասված է հաղորդագրությունում։

Թիմային մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ի թիմը, երրորդ տեղում են ճապոնացիները։

Վալիևան 15 տարեկան է, նա մարզվում է Էթերի Տուտբերիձեի ղեկավարությամբ։ Գեղասահորդուհին Ռուսաստանի և Եվրոպայի գործող չեմպիոնն է, նա համաշխարհային ռեկորդներ է սահմանել կարճ (90,45 միավոր) և ազատ (185,29) ծրագրերում, ինչպես նաև ընդհանուր արդյունքներով (272,71)։