Բավ է պառակտվել
12-02-2019 16:38

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը կգլխավորի իսպանացի մասնագետը

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Անտոնիո Ֆլորեսը, երեքշաբթի մամլո ասուլիսին տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը։ Ֆլորեսը եղել է Մելենդեսի օգնականն Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը կարծում է, որ հայկական հավաքականը կարող է մասնակցել աշխարհի առաջնությանը։

“Պարզապես պետք է աշխատել։ Ինչու՞ իսպանացիները կարող են խաղալ եզրափակիչ փուլում, իսկ Հայաստանը՝ ոչ։ Մենք բոլորս պետք է համատեղ աշխատենք և առաջընթաց ապրենք։ Անհրաժեշտ է ստեղծել շատ ամուր թիմ, որն ապագայում հաջողությունների կհասնի”,- հայտարարել է Մելենդեսը երեքշաբթի Երևանում մամլո ասուլիսի ժամանակ։

Նա ասել է, որ ամեն ինչի ինքնուրույն է հասել, և այժմ ցանկանում է իր գիտելիքները Հայաստանին փոխանցել։ “Շատ ուրախ եմ, որ եկել եմ Հայաստան։ Ես 18 տարի աշխատել եմ Իսպանիայի տարբեր տարիքային խմբերի հավաքականներում և այժմ եկել մի երկիր, ուր պաշտում են ֆուտբոլն”,-ասել է Մելենդեսը։

“Սա մեծ մարտահրավեր է ինձ համար։ Ինչո՞ւ չօգնել մի երկրի, որտեղ այդպես ֆուտբոլ են սիրում”,- ասել է իսպանացի մասնագետը։

Մելենդեսը նշել է, որ իր խնդրին է հիմքեր դնել, որոնք հետագայում կծառայեն հայկական ֆուտբոլին։ “Ցանկանում եմ, որ Հայաստանի բոլոր տարիքային խմբերի հավաքականները խաղան և աշխատեն նույն մեթոդակարգով, ինչը մի քանի տարի անց կանդրադառնա երկրի գլխավոր հավաքականի վրա”,- նշել է Մելենդեսը։

Նրա խոսքերով, աշխատանքի հիմնական իմաստն այն է, որ բոլոր տարիքային խմբերի հավաքականների մարզիչները օգնեն միմյանց, իսկ ֆուտբոլիստները, մի խմբից մյուսն անցնելիս՝ առաջընթաց արձանագրեն։

“Մի տարիքային խմբից մյուսն անցնելիս ֆուտբոլիստը պետք է աստիճանաբար կատարելագործվի։ Այս սկզբունքն առանցքային է Իսպանիայում”,- ընդգծել է Մելենդեսը։

“Բոլորը պետք է աշխատեն միասնական մեթոդակարգով։ Մենք արդեն 15 օր աշխատում ենք ներդնել Հայաստանի մարզիչների ուսուցման ընդհանուր մեխանիզմը։ Մարզչի դերը ֆուտբոլիստի առաջխաղացման հարցում շատ մեծ է”,- նշել է Մելենդեսը։

Նա նաև հավելել է, որ հայկական ֆուտբլում տաղանդավոր խաղացողներ կան։ “Համբերատար աշխատանք է հարկավոր, և ժամանակի ընթացքում արդյունքը կլինի”,-ասել է Մելենդեսը։