Բավ է պառակտվել
19-08-2016 10:27

Մոուրինիուն Մխիթարյանին սուպերֆուտբոլիստ է անվանել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիուն բացատրել է, թե ինչու թիմի նորեկ, հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի հայտնվել վերջին երկու խաղերի մեկնարկային կազմում։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու նա ընտրությունը չի կատարել հայ կիսապաշտպանի օգտին առաջին պաշտոնական խաղերում` Ժոզեն ասել է. «Ողջ հարցը տարբերակներն են։ Ես պատրաստվում էի «Լեսթերի» հետ խաղին և զգում, որ մեզ պետք է Ջեսի Լինգարդի արագությունը։ Իսկ «Բորնմութի» հետ խաղում որոշեցի, որ Խուան Մատան կկարողանա դիմակայել հակառակորդի բարձր ճնշմանը»։

Մոուրինիուի խոսքով, Մատան կարող էր օգտագործել ճնշման գծից այն կողմ գտնվող ազատ գոտիները, և շատ օգտակար եղավ:

«Ես որոշեցի, որ երկու խաղերում էլ Ռունին մոտ կխաղա Իբրահիմովիչին, և Միկիին չդրեցի հիմնական կազմում։ Երբ որոշ մարզիչներ խաղացողներ են գնում, նրանք զգում են, որ պետք է պաշտպանեն իրենց որոշումը` ամբողջ ժամանակը տալով նորեկին, բայց ես դրանցից չեմ։ Թիմն ավելի կարևոր է իմ շահերից, և ես անում եմ այնպես, որ ավելի լավ լինի թիմի համար»,– ընդգծել է ՄՅու մարզիչը։

«Ես զգում էի, որ Լինգարդն ու Մատան թիմի համար այդ խաղերում լավագույնը կլինեն, և ես որոշում ընդունեցի` հաշվի առնելով Պրեմիեր Լիգայի իրողությունները։ Այնուամենայնիվ, շարունակում եմ ասել այն, ինչ ասել եմ ավելի վաղ` Մխիթարյանը սուպերֆուտբոլիստ է, և նա մեզ այս խաղաշրջանում շատ բան կտա»,– ավելացրել է նա։