Բավ է պառակտվել
12-07-2016 17:01

Ռիոյի Օլիմպիադային Հայաստանը կներկայացնեն ռեկորդային թվով մարզիկներ

Ռիո դե Ժանեյրոյում օգոստոսի 5–21–ը անցկացվող XXXI ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն ռեկորդային թվով մարզիկներ։

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ամառային Օլիմպիական խաղերին մեր երկիրը կներկայացնեն 33 մարզիկներ, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

Օրերս լողորդներ Վահան Մխիթարյանը և Մոնիկա Վասիլյանը համալրեցին Հայաստանի օլիմպիական հավաքականը:

Նրանք Ռիոյի Օլիմմպիական խաղերին կմասնակցեն «Սպիտակ քարտ»-ով:

Ամառային Օլիմպիադաներին` որպես անկախ հավաքական մասնակցելու տարիների ընթացքում հայ մարզիկները նվաճել են 12 օլիմպիական մեդալ, որոնցից մեկ ոսկե և երկու արծաթե։ Միակ «ոսկին» 1996 թ.–ին նվաճել է ըմբիշ Արմեն Նազարյանը։

ԽՍՀՄ հավաքականի կազմում հայ մարզիկների շրջանում առաջին օլիմպիական չեմպիոնը դարձել է լեգենդար մարմնամարզիկ Հրանտ Շահինյանը (1952 թ.)։ Խորհրդային մարզիկների համար դեբյուտային օլիմպիական խաղերին, որոնք անցկացվեցին Հելսինկիում 1952 թ.–ին, Շահինյանը նվաճել է երկու ոսկե և երկու արծաթե մեդալ։

Տարբեր տարիներին խորհրդային հավաքականի կազմում օլիմպիական խաղերի չեմպիոններ են դարձել Հայաստանի բազմաթիվ ներկայացուցիչներ, մասնավորապես` մարմնամարզիկներ Ալբերտ և Էդուարդ Ազարյանները, հնգամարտիկ Իգոր Նովիկովը, բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը, թեթև աթլետ Ֆաինա Մելնիկը, ծանրամարտիկներ Յուրի Վարդանյանը, Օկսեն Միրզոյանը, Իսրայել Միլիթոսյանը, ըմբիշներ Լևոն Ջուլֆալակյանն ու Մնացական Իսկանդարյանը։

Ռիոյի Օլիմպիական խաղերը 31-րդն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում:

Օգոստոսի 5-ից 21-ը` աշխարհի 205 երկներից մոտ 10.500 մարզիկներ կմրցեն մեդալների 306 հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանների` Կոբակաբանայի, Մարականայի, Դեոդորոյի և Բարայի 33 մարզակառույցներում: