Բավ է պառակտվել
31-08-2016 11:02

Հուրի Գեբեշյանի նոր հնարքը պաշտոնապես անվանվել է նրա անունով

Հայազգի մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանի անվան նոր տարրը գրանցվել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կողմից։

Հուրի Գեբեշյանը Ռիոյի Օլիմպիադայի ժամանակ ներկայացրեց նոր տարր, որն անվանվեց նրա անունով։ Տարբեր բարձրության զուգափայտերի վրա վարժության սկզբում Գեբեշյանը հրվեց առաջին ձողից և, պտտվելով 360 աստիճան, բռնվեց մյուսից:

«Յուրօրինակ տարր ներկայացրած մարմնամարզիկը մտնում է մարմնամարզության պատմության մեջ, քանի որ այդ տարրն անվանվում է նրա անունով։ Մարմնամարզիկի անունն ընդմիշտ մնում է սպորտում», – նշվում է ֆեդերացիայի կայքում։

Ռիոյի Օլիմպիադայից հետո գրանցվել է չորս նոր տարր։ Գեբեշյանից բացի, սպորտում իրենց անուններն են անմահացրել Ճապոնիան ներկայացրած Կենզո Շիրաին, Գերմանիան ներկայացրած Մարսել Նգուենը և Տրինիդադ և Տոբագոն ներկայացրած Մարիսա Դիկը։

Հուրի Գեբեշյանը Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի թոռն է։ Նա ծնվել է 1989 թ.–ին ԱՄՆ–ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Հինգ տարեկանից սկսել է զբաղվել մարմնամարզությամբ։ Երբ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը փորձեց բնութագրել Հուրիին, նա առաջին հերթին նշեց, որ Գեբեշյանը շատ հայրենասեր է։

Գեբեշյանը հանդես է գալիս միջազգային առաջնություններում մարզահագուստով, որի վրա պատկերված է Հայաստանի դրոշը։ Եվրոպայի 2015 թ.–ի առաջնության ժամանակ նա մարզահագուստին անմոռուկ էր ամրացրել, որը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը։