Բավ է պառակտվել
24-03-2020 20:09

Պաշտոնական․ Օլիմպիական խաղերը կհետաձգվեն, բայց կկայանան ոչ ուշ, քան 2021 թ ամռանը

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) պաշտոնապես հայտարարել է, որ Տոկիոյում կայանալիք 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն, Օլիմպիական խաղերը, որոնց նոր ժամկետը դեռ հաստատված չէ, կանցկացվեն ոչ ուշ, քան 2021 թվականի ամառը:

Հեռախոսակոնֆերանսի ժամանակ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն որոշում են կայացրեցին հետաձգել խաղերը: Կողմերը մտահոգություն են հայտնել COVID-19 կորոնավիրուսի պանդեմիայի, ինչպես նաև մարդկանց կյանքի և Խաղերին մարզիկների նախապատրաստման վրա դրա ազդեցության կապակցությամբ: Որոշումն ընդունվել է մարզիկների, օլիմպիական խաղերի մյուս մասնակիցների, ինչպես նաև ամբողջ միջազգային հանրության առողջությունն ապահովելու նպատակով:

“Վիրուսի աննախադեպ և անկանխատեսելի տարածումը վատթարացրել է իրավիճակն ամբողջ աշխարհում”: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսն ասել է, որ COVID-19 համավարակը “արագանում է”: Ներկայումս աշխարհում գրանցված է հիվանդության ավելի քան 375,000 դեպք, և դրանց թիվն ամեն ժամ աճում է, ասվում է ՄՕԿ-ի հայտարարության մեջ:

Քննարկմանը մասնակցել են նաև Տոկիո-2020-ի կազմկոմիտեի ղեկավար Մորի Յոշիրոն, Տոկիոյի Օլիմպիադայի և Պարամպլիադայի հարցերով նախարար Սեյկո Հաշիմոտոն, Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն, ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովի ղեկավար Ջոն Քուոթսը, ՄՕԿ-ի գլխավոր տնօրեն Քրիստոֆ Դե Կեպերը և ՄՕԿ օլիմպիական խաղերի գործադիր տնօրեն Քրիստոֆ Դուբին:

Մասնակիցները բարձր են գնահատել Խաղերի կազմկոմիտեի աշխատանքը և նշել Ճապոնիայի մեծ առաջընթացը COVID-19- ի դեմ պայքարում: Նրանք համաձայնել եմ, որ Տոկիոյի օլիմպիական խաղերն “այս տագնապալի ժամանակներում կարող են լինել հույսի փարոս ամբողջ աշխարհի համար”, և որ օլիմպիական կրակը կարող է դառնալ այն լույսը թունելի վերջում, որում գտնվում է աշխարհը ներկայումս: Հետևաբար որոշվել է, որ օլիմպիական կրակը կմնա Ճապոնիայում:

Կազմակերպությունը որոշել է նաև, որ խաղերը, որոնք նախատեսվում էր անցկացնել 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, կպահպանեն Տոկիո- 2020 Օլիմպիական և Պարալիմպիկ խաղեր անվանումը:

Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը որոշում չի կայացրել խաղերի նոր ժամկետների վերաբերյալ, հետևաբար, պարտադիր չէ, որ Օլիմպիադան տեղափոխվի 2021 թվական: Հնարվոր է Օլիմպիական խաղերն աշնանն անցկացնելու տարբերակը․ օրինակ՝ ամառային ուժեղ տապի պատճառով 1964-ին մրցումները Տոկիոյում անց են կացվել հոկտեմբերին։

Ճապոնիայում մինչ այժմ գրանցվել է վարակի ավելի քան 1000 դեպք, մահացել է ավելի քան 40 մարդ: