Բավ է պառակտվել
17-06-2019 14:42

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վառել է Համահայկական խաղեր - 2019 երկրորդ ջահը (ֆոտո)

 

Հունա-հռոմեական ոճի հայտնի հայ ըմբիշ, Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վառել է այս տարի ամռանը կայանալիք VII Համահայկական խաղերի երկրորդ ջահը։ Ինչպես տեղեկացրել է խաղերի կազմկոմիտեն, ջահերը վառելու արարողությունը կայացել է նախօրեին Խոր Վիրապ վանքային համալիրում։ Այս տեղանքում է գտնվում Հայաստանի պատմական մայրաքաղաք Արտաշատը, և հենց այստեղ է, 14 տարի զնդանում գտնվելուց հետո, Գրիգոր Լուսավորիչը Տրդատ III թագավորի աջակցությամբ քրիստոնեությունը պետական կրոն հռչակել։

 

VII Համահայկական խաղերի շրջանակում նախատեսված է վառել երեք ջահ։ Առաջինն օրեր առաջ վառվել է Արևմտյան Հայաստանում՝ Մուսա լեռան ստորոտին, իսկ երրորդը կվառվի Արցախի Տիգրանակերտում։ Խաղերի պաշտոնական բացման օրը՝ օգոստոսի 6-ին, երեք ջահը կմիավորվեն Ստեփանակերտում, խորհրդանշելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնությունը։

Համահայկական VII ամառային խաղերը կանցկացվեն օգոստոսի 5-17-ը Հայաստանի, Արցախի և աշխարհի այլ երկրների 4 հազար մարզիկի մասնակցությամբ: Այս տարի նշվում է Խաղերի 20-ամյակը և ակնկալվում է սփյուռքի ներկայացուցիչների աննախադեպ բարձր ակտիվություն (մարզիկներ՝ աշխարհի ավելի քան 35 քաղաքից), իսկ 17 սպորտաձևերի մրցումներից 7-ը կանցկացվեն Արցախում։