Բավ է պառակտվել
07-12-2022 12:08

Ռոնալդուն հերքել է 200 միլիոն եվրոյի պայմանագրով Սաուդյան Արաբիայի ակումբ տեղափոխվելու մասին լուրերը

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն պայմանագիր չի կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբի հետ։ Չորեքշաբթի Ռոնալդուի մեկնաբանությունն է հրապարակել պորտուգալական Record («Ռեկորդ») հրատարակությունը:

«Ոչ, դա ճիշտ չէ»,- պատասխանել է Ռոնալդուն «Ալ-Նասրի» հետ պայմանագրի վերաբերյալ հարցին:

Ռոնալդուն այժմ ազատ գործակալ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի խզումից հետո։ Ավելի վաղ իսպանական Marca պարբերականը հայտնել էր, որ պորտուգալացի հարձակվողը պայմանագիր է կնքել «Ալ-Նասրի» հետ, իսկ տրանսֆերը կկայանա հունվարի 1-ին։ 2,5 սեզոն տևողությամբ պայմանագրով վճարումների ընդհանուր գումարը, հաշվի առնելով գովազդային պայմանավորվածությունները, կհասներ 200 միլիոն եվրոյի, ինչի արդյունքում Ռոնալդուն կդառնար աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը։

Ռոնալդուն 37 տարեկան է, նա Ոսկե գնդակի, Չեմպիոնների լիգայի հնգակի դափնեկիր է, Եվրոպայի չեմպիոն, Ազգերի լիգայի հաղթող։ Պորտուգալացին ազգային հավաքականների, Եվրոպայի առաջնությունների, Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության և Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուն է։ Հարձակվողը միացել է «Մանչեսթեր Յունայթեդին» 2021 թվականի ամռանը, թիմի կազմում հանդես է եկել 2003-ից 2009 թվականներին։ Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է պորտուգալական «Սպորտինգում», իսպանական «Ռեալում» և իտալական «Յուվենտուսում»։