Բավ է պառակտվել
11-09-2019 14:33

Լրատվամիջոցները տեղեկություններ են ստացել Շումախերի վիճակի մասին

“Ֆորմուլա-1”-ի գերմանացի ավտոարշավորդ Միխաել Շումախերը գիտակից վիճակում է և գտնվում է Փարիզի Ժորժ Պոմպիդոյի անվան հիվանդանոցում: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է Le Parisien թերթը:

Ըստ պարբերականի՝ ավտոարշավորդը գտնվում է սրտաբանական բաժանմումքում։ Նրա առողջական վիճակի մասին հստակ տեղեկություններ չկան։

Երկուշաբթի հայտնի է դարձել Շումախերին Շվեյցարիայից ֆրանսիական հիվանդանոց տեղապոխելու մասին։ Շումախերի բուժմամբ զբաղվում է 69-ամյա պրոֆեսոր Ֆիլիպ Մենաշեն։

Համաձայն աղբյուրի՝ Շումախերին գարնանն արդեն երկու անգամ տեղափոխել են այդ հիվանդանոց։ Մոտ ապագայում նրա վերականգնման համար կկիրառվեն Մենաշեի կողմից մշակված “բուժման ժամանակակից մեթոդները”։ Վերջինս սրտի անբավարարության բուժման համար բջջային թերապիայի մեթոդների մշակողներից մեկն է: Միևնույն ժամանակ, նա հայտնի է որպես ուղեղի վնասվածքների բուժման մասնագետ, 2014-ին նա իրականացրել է աշխարհի առաջին սրտի երիտասարդ բջիջների փոխպատվաստումը սրտի անբավարարությունից տառապող կնոջ մոտ:

Շումախերն ամենից հաճախ է դարձել “Ֆորմուլա 1”-ի չեմպիոն (յոթ անգամ), նա նաև ռեկորդակիր է փուլերում տարած հաղթանակների (91 անգամ), պոդիումների (155 անգամ), մեկ մրցաշրջանում փուլերում տարած հաղթանակների (13 անգամ) և անընդմեջ չեմպիոնական տիտղոս նվաճելու թվով (հինգ անգամ):

Վնասվածք և վերականգնում
2013-ի դեկտեմբերին Շումախերը լուրջ վնասվածք էր ստացել ֆրանսիական Մերիբելում լեռնադահուկով սահելիս: Շումախերը ստացել էր գլխուղեղային վնասվածք՝ գլխուղեղի երկու կիսագնդերի բազմաթիվ վնասվածքներով և արյունազեղմամբ։ 2014թ․սեպտեմբերց նա վերականգնողական բուժում է ստանում Ժնևյան լճի ափին գտնվող իր շվեյցարական առանձնատանը։

2014թ․հունիսին Շումախերին դուրս են բերել կոմայից և վերակենդանացնող բուժումից փոխադրել վերականգնողական բուժման, որը նա ստանում է իր տանը Շվեյցարիայում։ Այդ ժամանակից ի վեր աշխարի յոթակի չեմպիոնի առողջական վիճակի մասին ոչ մի պաշտոնական տեղեկություն չի հաղորդվել։ Հանրաճանաչ ավտոարշավորդի ընտանիքը որոշում է կայացրել չհայտնել մանրամասներ մարզիկի վերականգնման ընթացքի մասին։ Միխաելին կարող են տեսակցել միայն հարազատներն ու ամենամտերիմ ընկերները, ովքեր հարգում են ընտանիքի որոշումը և նույնպես չեն խոսում նրա առողջական վիճակի մասին։

2014-ի դեկտեմբերին “Bunte”-ն իր առաջին էջին տպագրել է “Ավելի քան Ծննդյան տոների հրաշք. Միխաել Շումախերը կարող է քայլել” վերնագրով նյութ։ Պարբերականի ներկայացուցիչները պնդում էին, որ իրենք ունեն իրենց աղբյուրները, որոնք հայտնել են, որ Շումախերը կարող է հիվանդապահների օգնությամբ տեղաշարժվել և շարժել ձեռքը։

Մամուլում պարբերաբար տարատեսակ տեղեկություններ են հայտնվում Շումախերի վիճակի մասին, սակայն դրանք պաշտոնապես չեն հաստատվում։ Այսպես, դեկտեմբերին բրիտանական Daily Mail թերթը հաղորդել էր, որ ավտոարշավորդն այլևս գամված չէ անկողնուն, թոքերի արհեստական օդափոխության սարքն անջատված է, և նա կարող է ինքնուրույն շնչել: Հրապարակման համաձայն, Շումախերի ինտենսիվ խնամքն ու բուժումը կազմում է շաբաթական 50 հազար ֆունտ ստեռլինգ:

Հուլիսի վերջին Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) նախագահ Ժան Թոդթը հաղորդել է, որ Շումախերի վերականգնման մեջ առաջընթաց կա, և որ ինքն այցելել է մարզիկին Շվեյցարիայի նրա տանը, որտեղ նրանք հետևել են “Ֆորմուլա 1”-ի մրցավազքին: