Բավ է պառակտվել
31-07-2022 21:42

Երրորդ անընդմեջ հաղթանակը․ հայ շախմատիստները շարունակում են հաղթական սերիան 44-րդ օլիմպիադայում

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը անընդմեջ երրորդ հաղթանակն է տոնել Հնդկաստանում ընթացող Համաշխարհային 44-րդ օլիմպիադայում։

Եգիպտացիների հետ հանդիպումն ավարտվեց 2,5։1,5 հաշվով՝ հօգուտ հայերի։ Ավելի վաղ, երկրորդ տուրում նրանք պարտության մատնեցին Մադագասկարի (4:0) և Անդորայի (3:1) թիմերին։

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Հայաստանի կանանց հավաքականը երրորդ տուրում պարտվեց էստոնուհիներին 1,5։2,5 հաշվով։ Առաջին տուրում Հայաստանի շախմատիստուհիները 4։0 հաշվով հաղթեցին Բոտսվանայի թիմին, իսկ երկրորդ տուրում՝ նորվեգուհիներին (3։1)։

Հյաստանի կանանց ընտրանու կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Շախմատի Համաշխարհային 44-րդ օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չեննայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 188 թիմ, իսկ կանանց մրցաշարում՝ 162։ Յուրաքանչյուր հավաքականն ունի 4 հիմնական և 1 պահեստային խաղացող։ Օլիմպիադայի կազմակերպիչներն են Համահնդկական շախմատի ֆեդերացիան և ՖԻԴե-ն։